«Ես կիմանամ ամեն ինչ ու կանեմ իմ անելիքը». մահացած լեյտենանտի հայրը` ողբերգության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցում արդեն երկու օր է` սուգ է: Վարդենիսում զոհվել է Մանթաշյանի բնակիչ, զինծառայող 22-ամյա Մավրիկ Մելիքյանը. շրջապատում նրան «Կարճ» են անվանում. «Քրոջ բղավոցից ողջ շենքը ոտքի կանգնեց այդ օրը: Ամբողջ թաղամասն է սգում Մավրիկի մահը: Սա իրոք ողբերգություն է: Մարդկային հատկանիշներն այնքան բարձր էին, այնքան բարի, մարդամոտ, կենսուրախ ու ընկերներին ամեն հարցում հասնող երիտասարդ էր, որ նույնիսկ ուրիշ շենքերի բնակիչների սիրելին էր դարձել»,- Armlur.am-ի հետ զրույցում վերհիշեց տիկին Գյուլնարան` զոհված լեյտենանտի ընկերոջ մայրը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ինքնասպանության վարկածին, սակայն, հարևանները չեն հավատում: Նրանք վստահ են, որ որևէ բան Մավրիկ Խաչատրյանին չէր կարող ինքնասպանության հասցնել. «Երիտասարդ տարիքում արդեն բավականին մեծ հաջողություններ է ունեցել: Սոցիալական խնդիրներ էլ, ըստ երևույթին, չունեին: Հոր, քրոջ ու տատի հետ էր ապրում: Մայրն էլ 40-41 տարեկան էր, քաղցկեղից մահացավ վերջերս: Ուղղակի, շատ փակ տղա էր, իր խնդիրների մասին երբեք ոչ մեկին չէր պատմում, չէր գանգատվում, բողոքում: Դրա համար տպավորություն էր, որ մոտը ամեն ինչ կարգին է, խնդիրներ չունի: Ոչ մեկս չենք պատկերացնում` ինչի պիտի ինքնասպան լիներ: Հնարավոր բան չի դա»,- ասացին շենքի բնակիչները:

Ինքնասպանության վարկածին չի հավատում նաև Մավրիկի հայրը` Խաչատուր Մելիքյանը. «Էսօր տղուս պանիխիդան է, չեմ ուզում խոսել: Միայն կասեմ, որ ինքնասպանություն չկա: Ես կիմանամ ամեն ինչ ու կանեմ իմ անելիքը»,- կարճ ասաց զոհված լեյտենանտի հայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախնական տվյալների, հունիսի 30-ին` ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս