Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է ամառային զորակոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում երեկ բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը:

Նորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, Ղարաբաղյան պատերազմի վետերաններ, Հայ Առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բանակի հրամանատարը շնորհավորել է զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդները պատվով կշարունակեն իրենց նախորդների հայրենանվեր առաքելությունը, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Հանդիսավոր միտինգի ավարտին Լևոն Մնացականյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:




Լրահոս