Ադրբեջանում սահմանամերձ գյուղերի բնակչությանը «հայկական զինուժի գնդակոծություններից» պատսպարելու նպատակով Թարթառի շրջանի (սահմանակից է Արցախին) Վերին Ղափանլը և Վերին Ղարադաղլը գյուղերում,ադրբեջանական կողմը կառուցում է պաշտպանական պատ։ Այս մասին հայտնում է Razm.info կայքը՝ հղում անելով ադրբեջանական Report լրատվական գործակալությունը։
Պատերը կառուցվում են գյուղերի ամենավտանգավոր վայրերում գտնվող տների դիմաց, և դրանց բարձրությունը հավասար է տների տանիքներին: Հրապարակման մեջ նշվում է, որ աշխատնաքները հնարավորինս արագ իրականացնելու համար ներգրավված են բավականաչափ ուժեր:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծության տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ հայկական այն բնակավայրերը, որոնք խոցման տիրույթում են։ Դրան ի պատասխան, հայ դիրքապահները ոչ միայն պատասխան կրակով լռեցնում են գնդակոծությունը, այլև, տեսականորեն չի բացառվում, որ որպես սաստման միջոց գնդակոծության տակ են պահում ադրբեջանական բնակավայրերը։