ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը «Ժողովուրդե»-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պառակտվել է տարբեր թիմերի:
-Տիկի՛ն Վարդանյան, Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից հունիսի 23-ին կիրառված բռնությունների արդյունքում ոտնահարվեցին ինչպես ցուցարարների, այնպես էլ լրագրողների իրավունքները: Սակայն Դուք՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, օպերատիվ չարձագանքեցիք տեղի ունեցածին: Ի դեպ, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը եւս որեւէ կերպ ,չխառնվեցե: Ինչո՞ւ նման անտարբերություն դրսեւորեցիք:
-Գիտեք՝ այնտեղ գտնվելու խնդիրը կայանում էր նրանում, որ միգուցե որեւէ մեկը չէր սպասում, որ նման կոպիտ խախտում կլինի ոստիկանության կողմից, որովհետեւ իմ գնահատմամբ ջրցան մեքենաներով չէր, որ պետք էր իրականում արձագանքել, այստեղ մարդու իրավունքների տեսանկյունից իսկապես լրջագույն խնդիր կա: Բայց ես պետք է անկեղծանամ ու նշեմ, որ թե՛ ակցիայի ընթացքում, թե՛ ակցիայի սկզբում ես կապի մեջ եմ եղել ՄԻՊ գրասենյակի հետ: Եթե առանձին դրվագների բաժանենք ոստիկանության գործողությունները, որոշ դրվագներում իրավաչափությունը չի պահպանվել, ու ոստիկանությունը խորհելու բան ունի: Որովհետեւ բարեփոխված եւ նոր ոստիկաններին հարիր վարքագիծ չէր դա: Այս պահին մարդու իրավունքների պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովները համատեղ հարցումներ են ուղարկել ոստիկանությանը, ՄԻՊ գրասենյակին եւ ՀՀ փաստաբանների պալատին՝ իրենց գնահատականները տալու համար: Ինչպես նաեւ խնդրել եք ոստիկանությունից պարզաբանումներ ներկայացնել, թե այդ ինչով են ղեկավարվել՝ ջրցան մեքենայով խաղաղ հավաքը ցրելու համար:
-Այնուամենայնիվ, ոստիկանությունն իր գործողություններն իրականացրել է, եւ Ձեր արձագանքը, մեղմ ասած, ուշացած է: Ի՞նչ է փոխվելու այն հայտարարությունից, որը Ձեր ղեկավարած հանձնաժողովն անելու է, ինչո՞ւ բուն իրադարձությունների ժամանակ քաղաքացու կողքին չեք լինում:
-Մարդու իրավունքների պաշտպանը, բնականաբար, իր գործառույթներն իրականացնում է սահմանված լիազորությունների շրջանակներում: Նշված օրը ես անմիջական կապի մեջ էի ՄԻՊ գրասենյակի հետ, ու արագ արձագանքման խումբը ինչպես այդ օրը, այնպես էլ հաջորդ օրը ամբողջ ոստիկանական բաժանմունքներում զբաղվում էր բերման ենթարկվածների ազատման խնդիրներով, ես շրջել եմ ոստիկանական բազմաթիվ բաժիններով, այնտեղ հանդիպել եմ նաեւ նրանց հետ ու ինֆորմացիայով փոխանակվել: Միգուցե առանձին դեպքերում պասիվ էր, բայց այն, որ օրենքի գործառույթների շրջանակներում աշխատում ենք, փաստը մնում է փաստ: Բացի այդ՝ արդեն նշեցի, որ մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել ու ակնկալում ենք, որ կստանանք պատասխանները, թե ինչու խաղաղ հավաքի նկատմամբ կիրառվեց նման ուժ: Իսկ մեր աշխատանքի գնահատականը պետք է տա քաղաքացին, ես իրադարձությունների ժամանակ անմիջական կապի մեջ եմ եղել ոստիկանության հետ, հաջորդ օրն էլ իմ իրավասությունների շրջանակներում զբաղվել եմ բերման ենթարկվածներով: Ինձ պետք չէր շոու սարքել: Բնականաբար, ինձ կենդանի պատի մեջ չեք տեսել, բայց ցուցարարները կարող էին վստահ լինել, որ ես իրենց կողքին եմ, դա միանշանակ է:
-Տիկի՛ն Վարդանյան, ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում լարված մթնոլորտ է տիրում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, քանի որ պատգամավորները բաժանվել են տարբեր թիմերի: Նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է «ղեկավարումե» ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների, որոնց թվում եք նաեւ Դուք:
-Ես պետք է Ձեզ հարց ուղղեմ, թե որտեղից Ձեզ նման ինֆորմացիա, որովհետեւ դա իրականությանը չի համապատասխանում, ու ավելին` մինչ քվեարկությունները, տարբեր տեսակետ ունենալու դեպքում մենք այդ մասին հայտնում ենք եւ վերջում՝ քվեարկությունների ժամանակ, առավել ժողովրդավարական սկզբունքներով ենք առաջնորդվում: Ու եթե լինում են տարբերվող կարծիքներ, քվեարկում են այնպես, ինչպես իրենց համոզմամբ ճիշտ է:
-Այնուամենայնիվ, նշվում է, որ այդ տարակարծությունը գալիս է նրանից, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Դուք արտահայտում եք Ռ. Քոչարյանի տեսակետը: Արդյո՞ք Քոչարյանի հետ համաձայնեցվում են Ձեր քվեարկությունները:
-Ես արդեն նշեցի, որ դա իրականության հետ որեւէ կապ չունի: