Եթե իրոք դեմ են, թող մանդատները վայր դնեն. Վաղինակ Շուշանյանը մեկնաբանում է իր արած հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր հայտարարություն է տարածել, որում ԱԺ պատգամավորներին կոչ էր անում մանդատները վայր դնել. «Հրապարակայնորեն վայր դրեք ձեր մանդատները, թողնելով դաշտը նրանց, ովքեր ապօրինի, հակասոցիալական, հակամարդկային որոշումներ են կայացնում: Դրանով դուք կստեղծեք քաղաքական ճգնաժամ` առաջին հերթին չլեգիտիմացնելով այդ որոշումներին ու որոշողներին»:

Armlur.am-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանը նշեց` երբ ստեղծվի քաղաքական ճգնաժամ, այդ պարագայում կտեսնենք, թե «իրականում ում դեմ ենք կռիվ տալիս. «Որովհետև այս պարագայում գալիս մասնակցում են դրսի ցույցերին, կենդանի պատ են կազմում, ընդդիմադիր մասը ընդհանրապես չի արձագանքում, ձայն չի հանում, բայց պաշտոնապես հայտարարում են, որ իրենք դեմ են: Եթե իրենք իրականում դեմ են ու ժողովրդի կողքին են, ապա իմ անձնական կոչով թող բոլորը մանդատները վայր դնեն, ու ստեղծեն քաղաքական ճգնաժամ: Այդ պարագայում կիմանանք` կոնկրետ ում վրա թիրախավորել, ումից պահանջելու բան ունենալ»:

Դիտարկմանը, թե այդպես քաղաքական ճգնաժամ չի ստեծվի, քանի որ ԱԺ-ում ՀՀԿ-ն կմնա մեծամասնություն և միանձնյա որոշում կկայացնի, Շուշանյանն ասաց. «Դա մեծամասնություն չի, դա կլինի մեկ կուսակցություն` Հանրապետական կուսակցությունը: Այս պահին Ազգային ժողովում, ճիշտ է, մեծամասնություն է, որովհետև մնացած պատգամավորները, մնացած խմբակցությունները դա լեգիտիմացնում են: Իմ կոչը այն է, որ չլեգիտիմացվի Ազգային ժողովը այս պարագայում: Չեն կարողանա իրենց որոշումները առաջ տանել, որովհետև միայն իրենք կլինեն: Երբ կա հակառակորդ կողմ, իրենք կարողանում են մեծամասնություն ունենալու հաշվին առաջ տանել, երբ չկա հակառակ կողմ, իրենք մնում են մենակ: Իսկ մենակի դեմ պայքարելն ավելի հեշտ է: Կարծում եմ` այս պարագայում այնպես չի, որ նրանց բոլոր բերած առաջարկներն ու որոշումների նախագիծներն են, որ դեմ պետք է քվեարկել, բայց այս պարագայում ու վերջին շրջանում ինչ կատարվում է, բոլորը հակասոցիալական, հակամարդկային որոշումներ են, որոշման նախագծեր են, որոնք մեր Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները լեգիտիմացնում են»:




Լրահոս