Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի շենքում ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով՝ ոստիկանության հիշյալ բաժնի պետն ու տեղակալը բռնություն են կիրառել իր նկատմամբ:
Կալանավորի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Armlur.am-ը պարզեց, որ քրեական գործը հարուցվել է ոստիկանության Կոտայքի բաժնի արդեն նախկին պետ Արթուր Մկրտչյանի և նրա տեղակալի նկատմամբ: Նշենք, որ Արթուր Մկրտչյանը, ով նախկինում Ոստիկանության Նորք Մարաշի բաժնի պետն էր, Կոտայքի բաժնի պետ էր նշանակվել 2014 թվականի հունվարին: Նրան այս տարվա մայիսի 2-ին փոխարինեց Ալբերտ Մարգարյանը:
Armlur.am-ը ոստիկանապետի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում զրուցեց Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանի հետ, ով վստահեցրեց, որ իր նախկին ենթակային հասցեագրված մեղադրանքը կալանավորի հերյուրանքներն են. «Այդ անձնավորությունը հայտարարեց, որ իբր ծեծի միջոցով են իրենից ցուցմունք կորզել: Բայց խուզարկությամբ նրա բնակարանից իրեղեն են հայտնաբերել և այլն, և այլն: Նախաքննություն է ընթանում, ամեն բան կպարզվի: Հիմա ոչ ոք ոչինչ ասել չի կարող»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ նույն գործով անցնող տեղակալն այլևս ոստիկանական համակարգում չի աշխատում:
Ելնելով Ս. Հարությունյանի մեկնաբանությունից` կարելի է ենթադրել, որ Արթուր Մկրտչյանը անտեղի է պաշտոնանկ արվել, ասել է թե չարածի հետևանքով: Կալանավորի հերյուրանքների արդյունքում, ըստ երևույթին, պաշտոնյան ոչ միայն կորցրեց աշխատանքը, այլև նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց:
Իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել և որքանով են ճիշտ կամ սխալ կալանավորի հայտարարությունները, ցույց կտան քննության արդյունքները:
Այդուհանդերձ, շատ առաջ չընկնելու համար, ավելորդ չենք համարում նշել, որ ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն, Արթուր Մկրտչյանը ոստիկանապետ էր նշանակվել Կոտայքում` մասնավորապես Աբովյանում հնարավորինս անվտանգ վիճակ պահպանելու նպատակով: Նույն լուրերի համաձայն, Արթուր Մկրտչյանին հրահանգված է եղել օրենքի սահմաններում, մեղմ ասած, խոչընդոտել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավորների` ցանկացած վտանգ պարունակող գործողություններն ու կանխել քաղաքում հնարավոր «բեսպրիդելի» ստեղծելը:
Եվ քանի որ այս տարվա փետրվարի 12-ին վերջնականապես խաչ քաշվեց ԲՀԿ նախկին առաջնորդի քաղաքական կարիերայի վրա, ինչն էլ ենթադրում է, որ ապաքաղաքական Գագիկ Ծառուկյանը, որպես այդպիսին, առաջվա կշիռը չունի, ուստի Արթուր Մկրտչյանը ոստիկանապետի պաշտոնում ևս անելիք չուներ:
Ոստիկանական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Մկրտչյանն անվերապահորեն նվիրված է իր աշխատանքին և անձնվիրաբար ծառայում է օրենքին:
Տաթև Հարությունյան