ԴԱՀԿ Միհրանի աշխատակիցները հայհոյում են ՀՀ քաղաքացիներին. «Ես ձեր …» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության դիմաց հավաքվել էին մի քանի եզդի: Նրանք նամակ հանձնեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Իրենց խնդիրը հետևյալն է. դեռևս 2014 թվականին ԴԱՀԿ-ն (դատական ակտերի հարկադիր կատարում) եզդի ընտանիքին բնակարանից հանելու որոշում էր կայացրել, քանի որ այդ բնակարանը գնել էր Զարգացման հայկական բանկը: Իրերի տեղափոխության ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցներ` Կարեն Միլիտոնյանի, Վարդան Մելիքբեկյանի, Սանասար Յարլյանի և Արամ Իսրայելյանի և եզդի Նազիկ Ամարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: «Ես ձեր եզդի լավը…»,- վիճաբանության ժամանակ Նազիկ Ամարյանի պատմելով` իրեն հայհոյել է ԴԱՀԿ աշխատակիցը:

Կնոջ խոսքով` ԴԱՀԿ աշխատակիցները իրեն քաշքշել են, որի ժամանակ իր որդին` Յուրիկ Ամարյանը, միջամտել է: «Որ մեկի մորը քաշքշեն, որ որդին չխառնվի: Դրանից հետո որդուս մի քանի հոգով ծեծեցին, 3 անգամ զենք պահեցին վրան, 4-րդ անգամն էլ  հարկադիրի աշխատող Կարեն Միլիտոնյանը զենքով խփեց տղայիս մեջքին, որի ժամանակ մատը կոտրվեց: Հիմա ասում են` իբր Յուրիկն է կոտրել մատը»,- Armlur.am-ի հետ զրույցում պատմեց Նազիկ Ամարյանը:

11724986_938303279575718_527828597_o
Բորիս Մուրազի

Իսկ «Սինջար եզդիների» հասարակական կազմակերպության անդամ Բորիս Մուրազին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ մեկ շաբաթ առաջ դիմել են ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, իսկ երեկ նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, սակայն պատասխան չեն ստացել: «Եթե վաղը դատարանը որոշում չկայացնի հոգուտ Ամարյանների, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եթե Հայաստանի իշխանություններին սա դուր է գալիս, մենք խնդիր չունենք: Եթե չեմ սխալվում, ՄԻԵԴ-ում ազգային փոքրամասնությունների կողմից սա կլինի առաջին դատական հայցը»,-մանրամասնեց Բորիս Մուրազին և հավելեց` Ամարյաններին իրենք աջակցում են նաև իրավական առումով:

ԴԱՀԿ-ն հայց է ներկայացրել Յուրիկ Ամարյանի դեմ և դատական նիստը տեղի կունենա վաղը` հուլիսի 10-ին ժամը 10:00-ին, Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Քրիստինա Աղալարյան




Լրահոս