ՀԷՑ-ը մեզ չի վերաբերում. Արտակ Շաբոյանը` իր բաջանաղից ավտոմեքենաներ վարձակալելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ-ում ինչու է ավիատոմսերի շուկայում խայտառակ իրավիճակ ստեղծվել, հայտարարեց, թե ՏՄՊՊՀ-ն զբաղվում է մրցակցության վերահսկողությամբ, իսկ գների վրա մրցակցության բացակայությունն ազդում է մասնակի:

-Պարո՛ն Շաբոյան, օրերս բենզինի շուկայում թանկացումներ են եղել 10 դրամով, արդյո՞ք Ձեր ղեկավարած կառույցն ուսումնասիրել է, թե ինչի արդյունքում է նման թանկացում գրանցվել:

-Այո՛, անցկացրել ենք ուսումնասիրություն, այս տարվա սկզբից մինչեւ հիմա ամբողջ աշխարհում, կոնկրետ կարող եմ փաստերով ներկայացնել՝ ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ եվրոպական երկրներում, բենզինի գները բարձացել են: Իսկ Հայաստանում դոլարային արտահայտությամբ 9.5 տոկոսով իջել են այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներում 20.9 տոկոսով բարձրացել են հունվար-մայիս ժամանակահատվածի ընթացքում: Եվրոպական երկրներում նույնպես բարձրացում է եղել բենզինի շուկայում:

-Իսկ ինչ կասեք ավիատոմսերի շուկայի մասին, այնտեղ պարզապես խայտառակ վիճակ է: Ինչո՞ւ համապատասխան վերահսկողություն չեք իրականացնում, մարդիկ նախընտրում են Թբիլիսիից մեկնել այլ երկրներ, քանի որ Վրաստանում անհամեմատ մատչելի են ավիատոմսերը: Ստուգումներ իրականացրե՞լ եք այդ ոլորտում, ինչո՞ւ է տարբերությունն այդքան ահռելի:

-Ավիափոխադրումների վրա ազդում է հատկապես սեզոնայնությունը, գործոնները բազմաթիվ են: Նույն Վրաստանի հետ եք համեմատություն կատարում, օրինակ՝ Վրաստանում գործոններից մեկը` օդանավակայանների սակագները, կարող են տարբեր լինել: Մրցակցությունը բազմաթիվ գործոններից ընդամենը կարող է մեկը լինել՝ գնագոյացման վրա առաջարկ-պահանջարկից սկսած… ազդում են բազմաթիվ գործոններ: Մրցակցությունն այդ ոլորտում կարող է… մոնոպոլիաներ այդ ոլորտում, մրցակցության սահմանափակումներ ընդհանրապես չկան, ու թռիչքներն ազատ են: Դուք կարող եք այդ հարցը այլ պետական մարմնի էլ ուղղել, ես մրցակցության պատասխանատուն եմ:

Մրցակցությունն էլ գործոններից ընդամենը մեկն է, մրցակցության սահմանափակումը կարող է գների վրա ազդել: Մեր հանձնաժողովը գների վերահսկողություն, գների կարգավորում չի իրականացնում: Ու, ընդհանրապես, գների պետական կարգավորում չի իրականացվում, գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, մրցակցությունը կարող է այդ գործոններից մեկը լինել:

– ՀԷՑ-ը Ձեր բաջանաղից ավտոմեքենաներ էր վարձակալել…

-ՀԷՑ-ը մեզ չի վերաբերում, ցտեսություն (նստում է մեքենան ու հեռանում: Ս.Գ.)

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս