Հուլիսի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյջի Տագուչիին:
Նախարարը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Էյջի Տագուչիին՝ Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ: Երվանդ Զախարյանը գոհունակությամբ նշել է, որ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի էներգետիկ համակարգում մեծ արդյունավետությամբ արդեն իսկ իրականացվել են ոլորտի համար կարևորագույն ծրագրեր, մասնավորապես՝ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիրը, SCADA/կապի համակարգի ներդրման և 110 կՎ ենթակայանների վերականգնման ծրագրերը:
Դեսպանի խնդրանքով՝ նախարարը ներկայացրել է էներգետիկ համակարգի ներկա վիճակը, զարգացման հեռանկարներն ու ներդրումային ծրագրերը: Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաև, որ ներկայումս Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության հետ բանակցություններ են վարվում Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ էներգաբլոկի կառուցման վերաբերյալ:
Դեսպան Էյջի Տագուչին իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում աշխատելը և կարևորել այն հանգամանքը, որ էներգետիկ ոլորտը հայ-ճապոնական տնտեսական համագործակցության հաջողված ոլորտներից է: