ՍԵՐԺԻ ԿՈՂՔԻՆ, ԲԱՅՑ ՆԵՂՎԱԾՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրում կայացել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կրտսեր որդու՝ Աշոտի եւ փոխմարզպետ Վահե Վարդապետյանի աղջկա հարսանիքը: Մեր աղբյուրները հայտնում են, որ հարսանիքը տեղի է ունեցել նորաբաց սրահում, որտեղ տեղավորվել է շուրջ 500 հրավիրյալ: Հարսանիքին բավական երկար ժամանակ մասնակցել է Սերժ Սարգսյանն իր շքախմբով: Հանդեսը «ծաղկացրել են» երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո)-ն եւ ուրիշներ, երաժշտախումբը եւ մատուցողները եղել են բարձրակարգ: Հարսանիքի քավորը եղել է իջեւանյան արմատներով, ՄԻԱԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, ում հորեղբոր որդին` Միքայելը, Արմեն Ղուլարյանի խորհրդականն է: Հարսանիքի մասնակիցների մի մասին հրավիրել են առանց կանանց, քանի որ դահլիճը սահմանափակ տեղեր ունի: Այդ պատճառով աթոռներն իրար սեղմված են եղել, ինչը որոշակիորեն նեղություն է տվել տոնակատարության մասնակիցներին: Մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդեսի ժամանակ հաճախակի համբուրվել է խնամի Վահե Վարդապետյանի հետ: Ի դեպ, 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում մարզպետը, ենթարկվելով ՀՀԿ-ի որոշմանը, պաշտպանել էր ոչ թե իր խնամի, ՕԵԿ մարզային կառույցի ղեկավար Վահե Վարդապետյանի, այլ ՀՀԿ անդամ, «Երեւանի գարեջուր» ընկերության խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս