Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման աշխատանքների ուղղությամբ: Զեկուցվել է, որ զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև լրացուցիչ աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց պատշաճ կատարման ուղղությամբ:
«Բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ «Սանիտեկ» ընկերությունն է իրականացնում աղբահանության աշխատանքները, նկատելի է դրական տեղաշարժը, ինչը սակայն չի կարելի ասել տվյալ վարչական շրջաններում գործող սանմաքրման ձեռնարկությունների աշխատանքի մասին: Համաձայն պայմանագրային պարտավորության «Սանիտեկը» իրականացնում է մայթերի և ճանապարհների մաքրման, նաև բակային տարածքներից ու բազմաբնակարան շենքերի աղբախցերից աղբի տեղափոխան աշխատանքները: Իսկ գազոնների ու, ընդհանրապես, բոլոր կանաչ տարածքների մաքրման աշխատանքները պետք է իրականացնեն սանմաքրման ձեռնարկությունները, ինչը կատարվում է խիստ թերի: Այս մասով մեծ անելիք ունեն վարչական շրջանների համապատասխան բաժիններն ու նաև համատիրությունները՝ բակային տարածքների ընթացիկ մաքրման աշխատանքների կազմակերպման մասով: Խստորեն հետևեք, որ յուրաքանչյուրն իր մասով լիարժեք կատարի իր պարտավորությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: