«Առ այսօր եզդի ժողովրդի քարավանները շրջում են ամբողջ աշխարհում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում երեկ բացվեց Իրաքի բնակիչ, ազգությամբ եզդի ֆոտոլուսանկարիչ Լոկման Մահմուդի «Շանգալի խեղված ճակատագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Լոկման Մահմուդը Շանգալի դեպքերն ու ցավը կարողացել է տեղավորել ֆոտոխցիկի կադրերում, որը, իր իսկ խոսքերով, բավականին դժվար է եղել:

Ըստ նրա՝ սարսափելի է նկարել սեփական ազգի ցավը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Լոկմանը լուսանկարների շարքը ստեղծել է 6 ամսում՝ նպատակ ունենալով այս միջոցով աշխարհին ցույց տալ իր ազգի հետ կատարվող ոճրագործությունը:

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը նշել է, որ եզդիների նկատմամբ կոտորածները դեռ շարունակվում են:

«Առ այսօր եզդի ժողովրդի քարավանները շրջում են ամբողջ աշխարհում: Այդ սարսափելի կոտորածի ականատեսներից մեկն էլ մեր ազգի զավակ Մասուդն է: Գերտերությունների աչքի առաջ շարունակվում են կոտորածները», – ասել է նա:

Նշենք, որ սույն նկարների ցուցահանդեսը ներկայացվել է Թուրքիայի Իզմիր, Դիարբեքիր, Տիգրանակերտ քաղաքներում: «Ցուցահանդեսը բացվել է նաև Թուրքիայում, քանի որ մի շարք եզդի փախստականներ այս պահին այնտեղ են», – մեկնաբանեց Թամոյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ Հայաստանյան ցուցադրությունից հետո լուսանկարները կցուցադրվեն նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ -ում:

«Հայաստանում այս ցուցահանդեսը անցկացնելու առաջարկը եղել է մեր կողմից: Այստեղ ցուցահանդեսի բացելու նպատակը ոչ միայն այն էր, որ Հայաստանում խոշոր եզդիական համայնք կա, այլ այն, որ մեր եղբայր ժողովուրդը ամենից լավը կհասկանա մեր ցավը»,- նկատել է Բաքոյանը:




Լրահոս