Մեկնարկեց «Սփյուռք» ամառային դպրոցի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացը, որին մասնակցում է 14 սփյուռքահայ՝ աշխարհի 7 երկրից (Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Բուլղարիա, Էստոնիա):

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ, ծրագրի պատասխանատու Սիրվարդ Համբարյանը մասնակիցներին տեսաշարով ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը, գերակա ուղղությունները:

Նախարարությունում համայնքային գործի կազմակերպիչների համար կկազմակերպվեն համայնքային խնդիրների լայն քննարկումներ, մասնակիցները կներկայացնեն իրենց կազմակերպությունների, համայնքային կառույցների խնդիրները, հայապահպանության ուղղությամբ իրականացվող իրենց գործունեությունը և կքննարկեն նախարարության հետ գործակցության ծրագրերի նոր մոտեցումներ:

Դասընթացի մասնակիցները կհանդիպեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ, կայցելեն Հայաստանի մի քանի կրթական հաստատություններ, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակ, Երևանի պատմության թանգարան, կծանոթանան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովների աշխատանքների հետ, գործնական աշխատանքներ կիրականացնեն ՀՀ ՍՆ տարածաշրջանային վարչություններում, իսկ հուլիսի 31-ին կմասնակցեն «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությանը:

Դասախոսություններ կլինեն «Առաջնորդի հմտությունները», «Հայագիտության արդի մարտահրավերները համացանցում», «Համայնքային աշխատանքներ», «Հայոց պատմության հիմնահարցեր», «Կառավարչական հմտություններ», «Հայրենադարձության ծրագրեր», «Ազգային երգ» և այլ թեմաներով:

unnamed (4)




Լրահոս