Ադրբեջանը պետք է «խելքը գլուխը հավաքի». Շավարշ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի վերջին ակտիվացումներին և Ադրբեջանին կոչ արեց «խելքը գլուխը հավաքել» և չտրվել սպառազինությունների մրցավազքին: Նա նշեց, որ իրականում հայկական կողմի նպատակը միշտ եղել է սպառազինության բալանսի պահպանումը, ինչը և արվում է:

«Ադրբեջանը միշտ էլ կարող է զենք գնել, ու ցանկացած շուկայից: Վերջիվերջո մենք պետք է գիտակցենք մի հանգամանք, որ Ադրբեջանի համար այդ հնարավորությունը գալիս է օդից, իսկ եթե ավելի ճիշտ արտահայտվենք, գետնի տակից դուրս ընկնող նավթադոլարներով: Ադրբեջանն ավելի խելամիտ ձև չի գտել, քան մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, որն անհեռանկարային է: Վերջիվերջո, այսօրվա հարաբերակցությունը շատ ավելի բարենպաստ է հայկական կողմերի համար՝ ի տարբերություն 90­-ականների սկզբների, այն ժամանակ, երբ Ադրբեջանն ամեն անգամ փորձում էր հարձակում ձեռնարկել և կրում նորանոր պարտություններ: Այդ տեսակետից Ադրբեջանը պետք է «խելքը գլուխը հավաքի»»,­ – նշեց Քոչարյանը:

ՀՀ փոխարտգործնախարարի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են իրենց ռեժիմը պահպանելու համար, որովհետև նրանք այլ բան չեն գտել շեղելու իրենց քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից և համախմբելու հասարակությանը:




Լրահոս