ԳԱՂՏՆԻ ԵՔ ՊԱՀՈՒՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հերթական անգամ մեկնեց արձակուրդ, եւ, ինչպես միշտ, պաշտոնական հաղորդագրությունում հանդիպում ենք հետեւյալ ձեւակերպմանը՝ «…մի մասը կանցկացնի արտերկրում»: Նկատենք, որ մինչ օրս նախագահականը երբեք պաշտոնապես չի հրապարակել, թե Սերժ Սարգսյանը քանի օր եւ որտեղ է հանգստանում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ գաղտնապահությունը անվտանգության նկատառումներով է արվում: Սակայն իրականում, թերեւս, անվտանգության խնդիր գոյություն էլ չունի, քանի որ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր անձինք առանց պաշտոնական հայտարարությունների էլ կկարողանան այժմյան տեխնիկայի պայմաններում ճշտել, թե նա երբ եւ որտեղ է լինում:
Մինչդեռ ՀՀ քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե այն անձը, որին ինքը կարգել է նախագահ, եւ որը հարկատուների հաշվին ապրում ու գործում է, որտեղ է իր հանգիստն անցկացնում: Իսկ այն փաստը, որ ամեն անգամ գաղտնի է պահվում Սերժ Սարգսյանի հանգստի վայրի մասին տեղեկությունը, թերեւս բոլորովին այլ պատճառներ ունի: Բանն այն է, որ այդ հարցի պատասխանն իմանալուց հետո լրագրողներն անմիջապես կհետաքրքրվեն, թե ինչով է նրան գրավել այդ վայրը:
Նկատենք, որ մինչ օրս Սերժ Սարգսյանը գերադասել է մշտապես հայտնի խաղատների շրջակայքում հանգստանալ. այդ մասին բազում հրապարակումներ են եղել: Ու թերեւս նման հեռանկարի վախն է իշխանական քարոզչության պատասխանատուներին ստիպել հանգստավայրի անունը գաղտնի պահել: Իհարկե, լրատվամիջոցներն ամեն դեպքում իմանում են, թե Սերժ Սարգսյանն իր հանգիստը որտեղ է անցկացրել, քանի որ սովորաբար ծախսերը հոգացած որոշ գործարարներն իրենք են հպարտացել՝ այդ մասին ինչ-որ պատմություններ տարածելով:
Հ.Գ. Երեկ արդեն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը արձակուրդն անցկացնելու համար մեկնել է Շվեյցարիա: Եւ այստեղ մի բնական հարց է առաջանում՝ հանգստյան վայրի մասին տեղեկությունը գաղտնի եք պահում, որ ի՞նչ անեք:

 

 

 

 

Այսօր ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ: Սահակյանը խմբակցության ղեկավարներին զանգահարել եւ անձամբ խնդրել է, որպեսզի անպայման ներկա գտնվեն քննարկմանն ու իրենց հետ առնվազն մեկ պատգամավոր «բերեն» ԱԺ: Եւ երեկ խմբակցության ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր «մինուճարին»: Բանն այն է, որ այս օրերին պատգամավորները հիմնականում գտնվում են արտերկրում եւ վայելում են իրենց հանգիստը: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի ուսումնասիրություններն իրականացվել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների կողմից, Համաշխարհային բանկի պատվերով: Այս նպատակով ՀԲ-ն ծախսել է մոտ 100 հազար դոլար դրամաշնորհ:

 

 

 

 

Անցած շաբաթ օրը Երեւանի Բուսաբանական այգում ուժգին հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում մոտ 15 հեկտարի մշակաբույսեր ոչնչացել են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի վերահսկողության տակ: Ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ հրդեհի ընդգրկած տարածքը բուսածածկ չի եղել: «Այդ տարածքում այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, խոտ է, ամռան ընթացքում այդ խոտն աճում է, հետո չորանում ու բռնկվում»,- հանգիստ տոնով ներկայացրեց Ռ. Մարտիրոսյանը: Ստացվում է, որ մայրաքաղաքի Բուսաբանական այգին ԳԱԱ-ին հանձնելով՝ ՀՀ իշխանությունները նախ՝ իրենց ուսերից գցել են պատասխանատվության բեռը, մյուս կողմից էլ՝ շատ լավ հասկանում են, որ տարածքը կամաց-կամաց «կազատվի», եւ իրենք հնարավորութուն կունենան այն սեփականաշնորհել եւ տալ այս կամ այն պաշտոնյային: Մի օր էլ կարող է պարզվել, որ Բուսաբանական այգում ի սկզբանե ոչ մի ծառ չի եղել, տարիներ շարունակ այդ տարածքում միայն թուփ եւ խոտ է եղել, որոնք էլ «հրդեհի բուն են», եւ պետք է կառուցապատել:

 

 

 

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու` Տիգրան Խաչատրյանի համար անցած շաբաթ օրը ամենեւին էլ բարենպաստ չէր: Այդ օրը ՀՀ քննչական կոմիտեում տեղի էր ունեցել առերեսում Տիգրան Խաչատրյանի եւ Սդղլի գյոլ կոչվող տարածքի ծեծի գործով տուժող, մի աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանի միջեւ, որից հետո որոշվեց Տիգրանին ձերբակալել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժողը պնդել է, որ Խաչատրյանն անձամբ է իրեն դաժան ծեծի ենթարկել: Իսկ Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե իբր ինքը կռվին չի մասնակցել եւ երբ դեպքի վայր է հասել, արդեն բոլորը ծեծված են եղել: Երեկ արդեն Տ. Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը: Ի դեպ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը երեկ ժամեր շարունակ չէր կարողանում հրապարակել որոշումը՝ կալանավորո՞ւմ է Տիգրան Խաչատրյանին, թե՞ ոչ: Քանի որ Սերժ Սարգսյանը երկրում չէր, նա, թերեւս, չէր կարողանում համապատասխան միջնորդների միջոցով ճշգրտումներ կատարել՝ հրապարակվելիք որոշման մասով: Երեկ՝ կեսգիշերին մոտ, Ստեփանյանը հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրում կալանավորումը:

 

 

 

 

ՊԱՌԱԿՏԻՉ

Ուղիղ մեկ ամիս առաջ` հունիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում պայքարող երիտասարդները բաժանվեցին տարբեր թեւերի. ՀԷՑ-ում աուդիտի անցկացման առաջարկը ընդունելի համարելով` «Ոչ թալանին» նախաձեռնությունը հեռացավ Բաղրամյանից, իսկ մնացածների մի մասն էլ շուրջ 9 օր ոչինչ չձեռնարկելուց հետո, ի վերջո, հեռացվեց, եւ ձեւավորեց «Ոտքի, Հայաստա՛ն» նախաձեռնությունը, որը համակարգում են Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը: Առաջինը, հիշեցնենք, տակավին վերջերս զբաղված էր ԼՂ-ում նոր կուսակցություն ստեղծելով, սակայն ըստ ամենայնի` հասկանալով, որ Ղարաբաղում իր քաղաքական հավակնությունների համար պարարտ հող չկա, վերադարձավ Հայաստան եւ պահը չկորցնելով` «իրենով արեց» Բաղրամյանի երիտասարդ ակտիվիստների մի մասին: Դե, իսկ Դ. Սանասարյանն էլ, ինչպես հայտնի է, «Ժառանգության» մամուլի խոսնակն է:Իսկ, ահա, մյուս խմբում հավաքված են բացառապես քաղաքացիական պայքարի փորձ ունեցող երիտասարդներ, ովքեր հունիսի 23-ին իրենց վրա զգացին ջրցանի շիթերի եւ ոստիկանական մահակների ուժը, սակայն չընկրկեցին: Ի դեպ, նրանք դաժանաբար ծեծվել էին դեռ նախորդ տարի՝ հունիսի 23-ին` դարձյալ էլէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքելու համար: Եւ թվում էր, որ հենց այս խումբը չպետք է ընկրկեր սակագնի թանկացումը չեղարկելու իր գերնպատակից եւ կենտրոնանար այլ խնդիրների վրա:
Մինչդեռ ներկայումս «Ոչ թալանին»-ի առաջադրած պահանջներին առավել հետամուտ է «Ոտքի, Հայաստա՛նը», իսկ իրենք` «Ոչ թալանին»-ի անդամները, կարծես թե փորձում են ներգրավվել այլ` քաղաքական խնդիրների լուծմանը: Համենայն դեպս, երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստա՛ն»-ի սկսած նստացույցի եւ հետագա ակտիվ գործողությունների թիվ մեկ թիրախը հենց էլէներգիայի թանկացման որոշման չեղարկումն է, իսկ, ահա, «Ոչ թալանին»-ի անդամներից ընդամենը 1-2 էին երեկ Հանրապետության հրապարակում: Պարզվում է` նրանք պատրաստվում են Ազատության հրապարակում սեփական հավաքը նախաձեռնել հուլիսի 31-ին, սակայն ոչ թե էլէներգիայի թանկացման, այլ արդեն Սահմանադրության փոփոխությունների դեմ:
Այսպիսով` ստացվում է, որ իշխանություններին հաջողվեց պառակտել եւ նաեւ գաղափարական խառնաշփոթ մտցնել Բաղրամյանում պայքարող ցուցարարների կորիզի մեջ: Եւ նաեւ այդ պատճառով է, որ աուդիտի առաջարկից մեկ ամիս անց իշխանությունները հարկ չեն համարում հանրությանն իրազեկել, թե ինչ միջոցներով են փոխհատուցելու թանկացման դիմաց: Եվ նման պահվածքը միանգամայն բնական է. եթե պահանջ հնչեցնողը մինչեւ վերջ հետամուտ չի լինում, այլ կուլ տալով նետված խայծը, մի հարցը չլուծած` ձեռնամուխ է լինում նոր հարցի լուծմանը, ապա այլեւս մտահոգվելու կարիք չկա. քաղաքացիական այդ շարժումը վերածվում է պարզապես ընդդիմադիր մի ամբոխի, որի ձայնը հետզհետե սկսում է հոգնեցնել նաեւ հանրությանը:




Լրահոս