ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԵԿՏՐԻԿ ԹԲԻԼԻՍԻ՞
Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դեմ` բողոքելով էլէներգիայի թանկացումից: Ակցիայի մասնակիցները բողոքի ցույցով դուրս են եկել ընդդեմ Կառավորության էներգետիկ քաղաքականության ու պահանջել են «Վրացական երազանքից» կատարել նախընտրական խոստումները: «Էլէներգիայի գնի խոստացված կրճատման փոխարեն այն, հակառակը, աճում է: Հիմա բարձրացնում են էլէներգիայի սակագինը, վաղը կբարձրացնեն ջրի, գազի սակագինը, մենք վախենում ենք յուրաքանչյուր նոր օրից»,-լրագրողներին հայտարարել է ցուցարարներից մեկը: «Միասնական ազգային շարժման» թբիլիսյան կազմակերպության ղեկավարի տեղակալ Նիկի Մելիայի խոսքերով` ներկայիս իշխանությունները տասնյակ հազարավոր անապահով ընտանիքների հանել են սոցիալապես անապահով ընտանիքներ բազայից, որպեսզի նրանց որեւէ փոխհատուցում չտրամադրեն:

 

ԽԵՂԴՎԵԼՈՒՑ ՓՐԿՎԵՑ
Հուլիսի 28-ին՝ ժամը 11:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի լճափերից մեկում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները «Կամբուզ» հանգստյան գոտուն հարակից տարածքում նկատել են քաղաքացիների անհանգիստ շարժումներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով լճից դուրս է բերվել տուժած Ս. Ռ.-ն (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի)՝ ծնված 1960 թ.: Ջրափրկարարները Ս. Ռ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո տուժածը հոսպիտալացվել է Սեւան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

«ՆԻՍՅԱՆ» ՀԱՍԱՎ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ
Տավուշի մարզի սննդի խանութներում առեւտրի մի մասը՝ մոտ 30-50 տոկոսը, կատարվում է ապառիկ՝ «նիսյա»: Ապառիկ ապրանք վերցնողները պարտքը մարում են թոշակ, ընտանեկան նպաստ կամ արտերկրի հարազատներից ֆինանսական փոխանցում ստանալուց հետո: Ապառիկ ապրանք վերցնողներ էլ կան, ովքեր տարիներով չեն մուծում իրենց պարտքը: Նրանք խանութների վաճառողների եւ սեփականատերերի համար գլխացավանք են դարձել: Պարզվում է` հիմա էլ «նիսյան» հասել է սրճարաններ: Նոյեմբերյան քաղաքի ավտոկայարանի երկրորդ հարկում գտնվող սրճարանի մատուցողուհին «Ժողովուրդ»-ի թղթակցիս ցույց տվեց «նիսյայի» ընդհանուր տետրը, ուր բազում էջերում գրառումներ կան պարտքատերերի վերաբերյալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս