ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ՎՐԵԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանությունն այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Աշխարհի գրեթե բոլոր երկրների լրատվամիջոցները անդրադարձել են սպանությանը եւ դրան հաջորդելիք հնարավոր բացասական զարգացումներին:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում քրեական հեղինակություն Դեդ Հասանի դեմ մահափորձն իրականացվեց հունվարի 16-ին, ինչից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ նա մահացավ:
Ռուսական «Ռեգնիում»-ը գրում է, որ Դեդ Հասանի սպանությունը կարող է հանգեցնել քրեական հեղինակությունների միջեւ կոնֆլիկտի` կապված Սոչիում օլիմպիական բիզնեսի հետ: Նման եզրակացություն է արվել` ելնելով գողական աշխարհի` 2008թ. հավաքի արդյունքներից, որի ժամանակ որոշվել էր հենց Դեդ Հասանին վստահել օլիմպիական խաղերի վերահսկումը: Այս տեսակետից չի բացառվում, որ Հասանի սպանությունը կապված է Սոչիում սպորտային շինությունների կառուցման հետ:
Իսկ «Լայֆնյուզ»-ի խմբագրությունը ձեռք է բերել մի տեսանյութ, որում երեւում են Դեդ Հասանին սպանած հավանական անձինք: Տեսախցիկը ֆիքսել է երկու տղամարդու, որոնք մեծ պայուսակով մտել են այն շենքի մուտք, որտեղից կրակել են Հասանի վրա, ապա դուրս են եկել: Նրանց հետքը փնտրում են ոստիկանական շների օգնությամբ: Այլ կայքի փոխանցմամբ՝ Հասանի դեմ 2010թ. եւ 2012թ. երկու մահափորձերն էլ նույն քիլերն է կատարել, քանի որ որոշ հանցանշաններ եւ փորձաքննության նախնական արդյունքները մատնանշում են, որ Ուսոյանին սպանել է նույն դիպուկահարը: Ընդ որում, նա բարձր դասի մասնագետ է, ամենայն հավանականությամբ, հատուկ ստորաբաժանումներից մեկի նախկին մարտիկ:
«Ռոսբալտ»-ը գրում է, որ Ուսոյանի կլանի ներկայացուցիչներն առայժմ չեն քննարկում, թե ումից են վրեժխնդիր լինելու եւ ինչ քայլերի են դիմելու: Այդ մասին կխոսեն նրա հուղարկավորության ընթացքում, որը «գողերի»՝ վերջին տարիների խոշորագույն հավաքը կդառնա: Դեդ Հասանի մտերիմները նրան Կրասնոդարի երկրամասում՝ եզդիների գերեզմանոցում, բոլոր ավանդույթների պահպանմամբ հուղարկավորելու կողմնակից են: Օրինակ՝ եզդիների համար սգո գույնը ոչ թե սեւն է, այլ կապույտը: Բացի այդ, կլանի անդամները Կուբանը հանդիպման առավել ապահով վայր են համարում:
Խոսվում է նաեւ, որ Դեդ Հասանի հուղարկավորությունը կլինի Վրաստանում:
Ինչ վերաբերում է Ուսոյանի հակառակորդ օրենքով գողերին, նրանք հապճեպ լքում են Մոսկվան: Հունվարի 17-ի առավոտվանից օրենքով գողերի մի ամբողջ խումբ լքել է Մոսկվան, նրանցից են՝ Ջեմո Միքելաձեն, Մերաբ Ջանգվելաձեն եւ Ռովշան Ջանիեւը՝ Ուսոյանի կլանի հետ հակամարտող գանգստերների միավորված կլանի առաջնորդները: Նրանք ՌԴ-ից Բելառուսով մեկնում են արտերկիր:
Ուսոյանի սպանությանն անդրադարձել է նաեւ իտալական Corriere della Sera թերթը՝ կրակոցները կապելով Փարիզում քրդերի գրասենյակի վրա վերջերս կատարված հարձակման հետ, որի արդյունքում զոհվել էին քուրդ անջատողականների առաջնորդ Սաքինե Ջանսըզը ու եւս երկու ակտիվիստուհիներ:
Խմբագրության տվյալով՝ Թիֆլիսի ազգությամբ եզդի բնակիչ Ուսոյանը զենք էր մատակարարում Թուրքիայում քրդական շարժմանը եւ, մասնավորապես, համագործակցում էր Քրդական բանվորական կուսակցության՝ PKK-ի հետ, որի հիմնադիրներից մեկն էլ Փարիզում սպանված Ջանսըզն էր:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս