Շատ գործարարներ, հատկապես նրանք, ովքեր առնչություն են ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի հետ, դժգոհում են, որ հանձնաժողովը ճնշում է գործադրում տեղական արտադրողների վրա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ:
-Պարո՛ն Շաբոյան, հանձնաժողովի պատմության մեջ կարծեք թե Ձեր ղեկավարած վերջին երկու տարիները առանձնանում են բացահայտումների եւ ակտիվության առումով: 2012թ.-ին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քանի՞ որոշում է կայացվել, եւ որքա՞ն գումար է մուտքագրվել պետբյուջե:
-Շնորհակալ եմ գնահատականի համար եւ ուրախ եմ, որ մեր աշխատանքն իսկապես նկատելի է հանրության համար, քանի որ, ի վերջո, մեր գործունեությունն առաջնահերթ ուղղված է հենց հանրության շահերի պաշտպանությանը: Կարող եմ հավաստիացնել, որ 2012-ի ընթացքում հանձնաժողովի աշխատակազմն աշխատել է ուժերի առավելագույն լարումով, որպեսզի, չնայած մեր սահմանափակ ռեսուրսներին, կարողանանք հասցնել իրագործել տարվա ընթացքում մեր առջեւ դրված նպատակներն ու անելիքները: Ինչ վերաբերում է կայացված որոշումների քանակին եւ տուգանքների չափերին, ապա նշեմ, որ այդ առումով վերջին մեկ-երկու տարիներն իսկապես աննախադեպ են եղել: Եթե թվերով ներկայացնելու լինեմ, ապա միայն 2011-ին հակամրցակցային գործողությունների համար տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է այնքան տուգանք, որքան հանձնաժողովի գործունեության տասը տարիների ընթացքում միասին վերցրած: Այսպես. 2010թ.-ից մեծապես ակտիվացել են աշխատանքները մրցակցային օրենքի խախտումների դեմ պայքարի ուղղությամբ: Մասնավորապես, եթե 2008 եւ 2009 թվականներին հանձնաժողովը կայացրել էր տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու 31 որոշում, 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 107, 2011-ին` 197, իսկ 2012-ին՝ 215 որոշում: Նշված ժամանակահատվածում օրինախախտների հանդեպ կիրառվել է ավելի քան 245 միլիոն դրամի չափով տուգանք:
-Շատ գործարարներ, հատկապես նրանք, ովքեր առնչվել են ՏՄՊՊՀ-ին, դժգոհում են, որ դուք ճնշում եք տեղական արտադրողներին:
-Բնականաբար հասկանալի են նմանատիպ դժգոհությունները, մենք շատ լավ գիտակցում ենք, որ առաջին հերթին մեր որոշումներն ազդում են տնտեսվարողի հեղինակության եւ վարկանիշի վրա, այդ իսկ պատճառով մինչ այսօր կայացրած մեր բոլոր որոշումները եղել են խիստ հիմնավոր եւ իրավաչափ: Նախքան տնտեսվարողին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելը հանձնաժողովը խիստ մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկում առկա բոլոր փաստերն ու հանգամանքները: Այսինքն՝ մինչեւ հանձնաժողովը բավարար ապացույցներ չունենա տնտեսվարողի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ, մենք հրապարակային որոշումներ չենք կայացնում: Ասեմ ավելին, նախքան որոշում կայացնելը հանձնաժողովը մի քանի ամիս շարունակ քննարկումներ է կազմակերպում իրավախախտ տնտեսվարողների մասնակցությամբ՝ լսելու նրանց հակափաստարկներն ու պատճառաբանությունները, որից հետո միայն կայացվում է ՏՄՊՊՀ որոշումը: Ուստի նման դժգոհությունները անհիմն եւ անտեղի են. տնտեսվարողները պետք է գիտակցեն, որ օրենքի խախտման դեպքում ենթարկվելու են պատասխանատվության եւ աշխատեն արդար մրցակցային կանոններով: Ասեմ ավելին, մեր գործունեությամբ, ընդհակառակը, ոչ թե ճնշում ենք տեղական արտադրողներին, այլ բացահայտելով եւ պատժելով օրինախախտներին՝ առավել բարենպաստ միջավայր ենք ստեղծում բարեխիղճ բիզնեսի համար:
-Ձեր` ՏՄՊՊՀ-ի ղեկավարի պաշտոնում լինելու ընթացքում եղե՞լ են ճնշումներ կամ միջնորդություններ, որպեսզի այս կամ այն տնտեսվարողի հանդեպ մեղմ մոտեցում ցուցաբերվի:
-Ո՛չ, ճնշումներ չեն եղել եւ, բնականաբար, լինել չեն կարող: Անշուշտ, եղել են դեպքեր, հատկապես իմ պաշտոնավարման սկզբնական ժամանակահատվածում, երբ ինչ-ինչ մարդիկ փորձել են միջնորդել կամ այլ կերպ ասած` բարեխոսել, որպեսզի հանձնաժողովը համեմատաբար մեղմ մոտեցում ցուցաբերի որեւէ իրավախախտ ընկերության հանդեպ, սակայն տեսնելով նման խնդիրների հետ կապված իմ մոտեցումները՝ շատ կարճ ժամանակ անց այդպիսի միջնորդությունները դադարել են, եւ այսօր կարող եմ միանշանակ ասել, որ նման միջնորդություններ կամ հովանավորություններ չկան: Միանշանակ կարող եմ ասել, որ հանձնաժողովի հետ առնչություն ունեցող բոլոր սուբյեկտներն անձամբ են համոզվում, որ հանձնաժողովը գործում է անկախ, եւ որոշումներն էլ կայացվում են լիովին անկողմնակալ:
-2012-ն արդեն ամփոփվել է, թերեւս արդեն կարող եք գնահատական տալ Ձեր կատարած աշխատանքներին: Ի՞նչ դրական արդյունքներ են արձանագրվել, եւ ի՞նչ անելիքներ կան 2013-ին:
-Տարվա ընթացքում հանձնաժողովն իսկապես մեծածավալ աշխատանք է կատարել կարեւորություն ներկայացնող տարբեր շուկաների ուսումնասիրության, ինչպես նաեւ չարաշահումների բացահայտման ուղղությամբ: Հսկայական աշխատանք է կատարվել հատկապես պետական գնումների ոլորտում առկա մրցակցային խնդիրների բացահայտման ուղղությամբ: Անշուշտ, այս պահին չենք կարող ասել, որ բոլոր խնդիրները լուծված են. անելիքները դեռ շատ են, աշխատում ենք անել ամեն ինչ, որպեսզի հետագա տարիների համար ըստ առաջնահերթության դրանք եւս լուծում ստանան: Տեղյակ եք թերեւս, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ տարվա ընթացքում ուսումնասիրություններ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում, ինչպես կենտրոնացվածության աստիճանի վերլուծության, այնպես էլ մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Այս տարվա մեր անելիքներն արդեն նախանշված են, եւ մի շարք շուկաներում կիրականացնենք նման վերլուծություններ, թեեւ պետք է նշեմ, որ կարեւոր սոցիալական նշանակության շուկաները տարվա ընթացքում մշտապես գտնվելու են մեր վերահսկողության տակ:
«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԱՆԿԱԽ ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ