2011թ. նոյեմբերի 13-ին Իջեւանում կայացան քաղաքապետի ընտրություններ, որոնց արդյունքում 1999թ.-ից Իջեւանը ղեկավարող Վարուժան Ներսիսյանին փոխարինեց Վարդան Ղալումյանը: Վերջինս ծառայողական պարտականությունները պետք է ստանձներ դեկտեմբերի 22-ին, սակայն Վ. Ներսիսյանն այդ ժամկետում չէր ազատել աշխատասենյակը, ինչի պատճառով Վարդան Ղալումյանը քաղաքապետի պարտականությունների կատարմանն անցավ դեկտեմբերի 26-ին: Այդ օրն Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանը, որն այդ ժամանակ փոխարինում էր քաղաքապետարանի գույքահարկի բազայի աշխատողին, նախկին քաղաքապետ Վ. Ներսիսյանի դրդմամբ մի օբյեկտի վերջին 5 տարվա գույքահարկի 1 միլիոն 900 հազար դրամ պարտքից գույքահարկի բազայում մուտքագրել է 1 միլիոն 123 հազար դրամ: Իրականում պարտքը մարվել է միայն համակարգչում, իսկ գումարը չի մուծվել: Սակայն նոր քաղաքապետ Վ. Ղալումյանը բացահայտել է կատարվածը, ինչի մասին Ա. Եգանյանը տեղյակ է պահել Վ. Ներսիսյանին: Վերջինս 2012թ. հունվարի 26-ի երեկոյան զանգահարել է քաղաքապետարանի աշխատակից Մարինե Գրիգորյանին` նրանից խնդրելով այն աշխատասենյակի բանալին, որտեղ գտնվում է գույքահարկի բազայի տվյալներով համակարգիչը: Նույն գիշերը Ա. Եգանյանը Վ. Ներսիսյանի ավտոմեքենայով ժամանել է քաղաքապետարանի շենք, մտել այդ աշխատասենյակ եւ փորձել համակարգչում վերականգնել նախնական իրավիճակը, այսինքն` ցույց տալ այդ հիմնարկի ունեցած գույքահարկի պարտքի իրական չափը: Ա. Եգանյանին համակարգչային այդ գործողությունը չի հաջողվել, եւ առավոտյան նա Վ. Ներսիսյանի ավտոմեքենայով քաղաքապետարանի շենք է եկել երկրորդ անգամ: Ի վերջո, Աստղիկը «վերականգնել» է այդ հիմնարկի գույքահարկի պարտքը: Սակայն քաղաքապետարանում կատարվածը պարզվել է, եւ Ա. Եգանյանը քաղաքապետ Վ. Ղալումյանի մոտ ընդունել է իր կատարած ապօրինությունը:
Ա. Եգանյանը, Մ. Գրիգորյանը, քաղաքապետարանի պահակ Արմեն Օթարյանը կատարվածի մասին զեկուցագրեր են գրել Վ. Ղալումյանին, որտեղ ներկայացրել են իրողությունը: Նշենք, որ գույքահարկի տվյալներով համակարգչի սենյակի բանալին Աստղիկին տրամադրած Մարինեն Իջեւանի պահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանի հարազատ քույրն է: Ա. Եգանյանը եւ Մ. Գրիգորյանն այժմ Իջեւանի քաղաքապետարանում չեն աշխատում:
Քաղաքապետ Վ. Ղալումյանը կատարվածի առթիվ գրավոր դիմել է Տավուշի մարզի դատախազություն: Սակայն, ինչպես տեղեկացանք դատախազությունից, ոստիկանության հետաքննության ծառայությունը կատարված դեպքերից մեկ տարի անց մերժել է քրգործի հարուցումը, քանի որ կատարված գործողություններում հանցակազմ չկա, եւ դրանք հետեւանք չեն առաջացրել: Ընդ որում, քաղաքապետ Վարդան Ղալումյանին չէին հայտնել, որ քրգործի հարուցումը մերժված է: Նա այդ մասին մեզնից լսեց եւ զարմանքով հարցրեց. «Եթե կողոպտիչները մի բանկ թալանեին, հաջորդ գիշեր վնասը վերականգնեին, ուրեմն քրգործ չէ՞ր հարուցվելու»:
Տավուշ