Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն azatutyun.am-ին տված իր հարցազրույցում նշել է, որ հանձնաժողովը չի փոխոխի հրապարակված նախագծի թերևս ամենավիճահարույց հատվածը, որը վերաբերում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին և կայուն մեծամասնության ձևավորմանը:
Վենետիկի հանձնաժողովը, հիշեցնեմ, Սահմանադրության նախագծի հրապարակված մասի վերաբերյալ իր նախնական գնահատականում առաջարկել է հանել այդ դրույթը:
«Մենք այս պահի դրությամբ չենք փոխել, և Վենետիկի հանձնաժողովի հետ այդ հարցով պատրաստվում ենք լուրջ քննարկումներ ծավալել: Բայց ամենակարևորը, հավանաբար, այն է, որ Վենետիկի հանձնաժողովը բովանդակային առումով որևէ հակաճառություն առաջարկվող լուծումների նկատմամբ չունի: Ընդամենը իրենց առաջարկը կայանում է նրանում, որ ամրագրվի Ընտրական օրենսգրքում, այլ ոչ թե Սահմանադրությունում», – ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ իրենք կարող էին երկրորդ փուլի գաղափարը Սահմանադրության մեջ ամրագրելու փոխարեն զետեղել Ընտրական օրենսգրքում, և եթե մասնագիտական հանձնաժողովը հանրային կարծիքից թաքցնելու բան ունենար, հենց այդ ճանապարհով էլ կգնար և սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճերում ավելորդ լարվածություն չէր մտցնի․ – «Բայց հանձնաժողովը այն կարծիքին է, որ սա այնքան կարևոր խնդիր է, որ պետք է իր հիմնական գծերով արտացոլումը գտնի նախագծում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: