ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ ՀԱԿ ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ իրենց ելույթներում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին ու ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Զուրաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ամենամեծ նվաճումը Հայաստանում ընտրական համակարգի ոչնչացումն է, որի պատճառով հիմնական քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին:
Ըստ Զուրաբյանի՝ դա նկատել են նաեւ ԵԽԽՎ դիտորդները, որոնք արձանագրել են՝ ՀՀ նախագահական ընտրությունները մրցակցային չեն: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ում չկա որեւէ ճգնաժամ կամ պառակտում: «Հերթական անգամ սկսել են թաղել Կոնգրեսին: Հերթական անգամ ինչ-որ մարդիկ, որոնց ներվերը չեն դիմանում, որոնք հոգնած են միգուցե, որոնք միգուցե չեն հասել իրենց երազանքներին, հերթական անգամ ասում են, որ Կոնգրեսը փլուզվում է, տապալվում է, պառակտվում է, ճգնաժամի մեջ է, իսկ ամենահետաքրքրականն այն է, որ այս խոսակցություններն անմիջապես ուրախությամբ, չարախնդությամբ տիրաժավորվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից»,-ասաց նա՝ հավելելով, թե ովքեր չեն դիմանում պայքարի համառությանը, պետք է գնան հանգստի: «Հանգստանալուց եւ սթափ մտածելուց հետո միգուցե նորից գան ու միանան թափ առած շարժմանը: Դա է իմ խորհուրդն իրենց: Մի՛ ներվայնացեք, ափալ-թափալ շարժումներ մի՛ արեք, մի քիչ լռե՛ք, մտածե՛ք, սթափվե՛ք, որովհետեւ, միեւնույն է, փոշմանելու եք ձեր արած քայլերի համար: Որովհետեւ այս դիմադրության շարժումը, որը մենք Հայաստանում ստեղծել ենք, շարունակվելու է եւ հաղթելու է»,-նշեց Զուրաբյանը:
Արամ Մանուկյանն էլ դիմեց ընդդիմադիր լինել ցանկացող ուժերին՝ ասելով, որ հիմա Ազատության հրապարակը 24 ժամ շարունակ ազատ է, եւ նրանք կարող են փողոցում ակտիվ պայքարել, եթե ուզում են: «Ովքեր միջոցառում են ուզում անեն, մենք մեր ժողովրդով, մեր ակտիվիստներով կգնանք կմիանանք, բայց կա մի հատ իրական ընդդիմություն,-նշեց նա՝ դիմելով իշխանություններին,-ուզում ես ընդդիմություն չլինի, ուզում ես ՀԱԿ չլինի, ոչ թե փորձիր նրանցից ինչ-որ մեկին պոկել, նրանց մեր դեմ ուղղել, այլ լուծի՛ր այն խնդիրները, որոնք պատճառ են դառնում ՀԱԿ-ի հավաքների, միջոցառումների, հոդվածների»: Նա խոսեց նաեւ նախագահական ընտրությունների մասին՝ ասելով, որ որպես այդպիսին՝ ընտրություններ չեն կայանում:
Հ.Գ. Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խոսելով նախագահական ընտրությունների մասին, ասաց, թե ինքը հակված է անվավեր դարձնել իր քվեաթերթիկը՝ վրան գրելով իր թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: «Անվավեր դարձնելով իմ քվեաթերթիկը՝ ցույց եմ տալիս, որ սրանք իսկապես անվավեր ընտրություններ են»,-ասաց նա՝ այդպիսով հրաժարվելով քվեարկել Հրանտ Բագրատյանի օգտին:
ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ՄԻ՛ ԱՐԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ