ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ. ՎԱՐՉԱՊԵՏԸ «ԾԱՆՐ» Է ՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 1-ին աշխատանքային այց էր կատարել Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել էր Գյումրիի ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նորակառույց շենքում, որի կառուցման նպատակով Կառավարության որոշմամբ գումար էր հատկացվել պետական բյուջեից: 890 մլն ՀՀ դրամ արժողությամբ շենքի շինարարական աշխատանքները տեւել են ամբողջ 9 տարի` 2006-2015 թթ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շիրակի մարզում Հ. Աբրահամյանը շրջայցից հետո նիստ է անցկացրել, որին ներկա են եղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Հ. Աբրահամյանը նախ լսել է Շիրակի մարզպետին ու Գյումրիի քաղաքապետին, որոնք ներկայացրել են մարզի խնդիրները, ապա հայտարարել է, որ Շիրակի մարզում Կառավարությունն ամենաշատ ֆինանսական ներդրումներն է կատարում, սակայն ամեն անգամ մարզ այցելելիս ավելի շատ խնդիրներ ու բողոքներ է լսում:
Նշենք, որ այս տարի Կառավարության որոշմամբ հրատապ ծրագրերով մարզին հատկացվել է 530 մլն ՀՀ դրամ, որից 304 մլն ՀՀ դրամը նախատեսվում է ուղղել ճանապարհաշինությանը եւ մարզի ճանապարհների վիճակի բարելավմանը, դպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների բարեկարգմանը եւ շենքային պայմանների բարելավմանը, սակայն կարծես թե այդ գումարները եւս չեն բավարարում, ինչը վրդովվեցրել է վարչապետին: Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ
-Պարո՛ն Ցոլակյան, մեր տեղեկություններով՝ օրերս Շիրակի մարզ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լուրջ դժգոհություն է ունեցել մարզում պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներից: Խնդրում եմ նշեք՝ արդյոք դա այդպես է եւ եթե ոչ, ինչպիսի գնահատական է տվել վարչապետը Ձեր գործունեությանը:
-Գոհ էր: Մենք միասին գնացել ենք մի տեղ, որտեղ կառուցապատման աշխատանքներ են ընթանում, իսկ մնացած կառույցները, որտեղ եղանք, աշխատող կառույցներ էին: Մենք գոհ ենք ՀՀ վարչապետի այցից, ինքն էլ գոհ էր մեզանից:
-Այնուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետն առանձին հանդիպում է ունեցել մարզի ղեկավարության հետ, որի ժամանակ դժգոհել է այն հանգամանքից, որ չնայած Կառավարության հատկացրած միջոցներին` մարզում չեն նվազում խնդիրներն ու բնակիչների բողոքները: Կոնկրետ ինչի՞ց է դժգոհել վարչապետը:
-Այդպիսի բան չի եղել, ֆինանսական հարցի հետ կապված որեւէ բան չի ասել, նման քննարկում չի եղել: Ես հիվանդ եմ, խնդրում եմ՝ ինձ շատ հարցեր մի՛ տվեք, ես հիվանդ պառկած եմ, չկա նման բան, նման բան չի եղել: Շնորհակալություն:

ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
-Պարո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ինչի՞ց է դժգոհ եղել, ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը վրոդվվել է, որ նպատակային չեն ծախսվում Կառավարության կողմից հատկացված գումարները:
-Նախ գնահատականը խնդրում եմ՝ վարչապետից հարցրեք, վարչապետն իր հետ ներդրող էր բերել, որը ցանկանում է ներդրումներ կատարել Գյումրիում մանր եւ միջին բիզնեսի հետ կապված: Տնակների հարցն ենք քննարկել, հետո խոսեցինք բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագրերի մասին, այսպես ընդհանուր հարցեր ենք քննարկել, քաղաքին վերաբերող հարցեր, նաեւ Ցոլակյանը վարչապետին զեկուցեց գյուղերին վերաբերող հարցերը: Ճիշտն ասած, ես այլ տեղեկություն չունեմ, շատ նորմալ այց էր, դժգոհություն չպետք է լինի, որովհետեւ քաղաքը կառուցվում է, օրեցօր փոխվում է, մարզում լավ բերք ենք ստացել՝ աննախադեպ հացահատիկի բերք, այնպես որ, չգիտեմ՝ ինչից պետք է դժգոհություն լիներ:
-Վարչապետը նշել է, որ Շիրակն ամենաշատ գումար «պահանջող» մարզն է, բայց արդյունքում ոչ մարզի ճանապարհների խնդիրն է լուծվում, ոչ բնակիչների դժգոհություններն են նվազում, եւ այլն, եւ այլն: Ինչո՞ւ նշված խնդիրները լուծում չեն ստանում:
-Այդպիսի խնդիր առաջ չի քաշվել, մենք շատ ուրախ ենք, որ վարչապետը նման ներդրողի հետ էր եկել: Դե, հիմա Գյումրիում սոցիալական խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ, ժողովրդի տրամադրությունը փոխվել է, եթե գաք այստեղ, կտեսնեք, որ գյումրեցիները, որոնք ապրում են դրսում, ժամանել են այստեղ: Մենք էլ փորձում ենք ամեն ինչ անել՝ փողոցները վերականգնել, լուսավորությունն ավելացնել, կանաչապատել, կարելի է այսպես ասել՝ մենք մեր ծրագրով առաջ ենք շարժվում: Եթե ասեմ՝ ամեն ինչ այդպես՝ 100 տոկոս իրեն տեղում է, նման բան ամբողջ հանրապետությունում չկա, բնական է, որ կա բնակիչ, որ դժգոհ է, կա, որ գոհ է: Պահանջներն էլ այն է, որ բնակարանների հարցը, տնակների հարցը լուծենք, փողոցների բարեկարգման համար գումարներ ունենանք: Ես՝ որպես քաղաքապետ, ամեն ինչ անում եմ, որպեսզի քաղաքում ամեն ինչ լավ լինի:

 

 

 

 

ԻՆՏԻՄ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՄՅՈՒՍ «ՀԵՐՈՍԸ» ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱ՞ՆՆ Է

Հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Ըստ տարածված լուրերի՝ Տ. Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է տարածել, ինչի պատճառով էլ նրան ձերբակալել են: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Տ. Առաքելյանին շորթման մեղադրանքով են կալանավորել:

Նշենք, որ նույն օրը Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:
Տիգրան Առաքելյանն առանձնազրույցի ընթացքում ասել է, որ որեւէ բողոք չունի մեկուսարանում պահման պայմաններից, նշել է, որ իր նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրվել, ունի փաստաբան, ում հետ արդեն տեսակցել է: Տեղեկություններ տարածվեցին նաեւ, որ Տիգրան Առաքելյանի տարածած ինտիմ տեսանյութերից մեկը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: Տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի հետ կապված զրուցել Սահակյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նույն «թեմայով» տեսանյութ է տարածվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի վերաբերյալ: Ըստ այդմ` Տ. Առաքելյանը այդ տեսանյութերի դիմաց գումար է պահանջել պատգամավորներից: Երեկ «Ժողովուրդ»-ն այս տեղեկատվության հետ կապված մի քանի հարցեր է ուղղել Արտակ Դավթյանին:
-Պարո՛ն Դավթյան, ըստ մեր տեղեկությունների՝ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը Ձեզ հետ կապված ինտիմ տեսանյութեր է տարածել, ինչի պատճառով էլ նրան կալանավորել են: Արդյո՞ք ճիշտ են այդ տեղեկությունները, Դուք ճանաչո՞ւմ եք Տ. Առաքելյանին:
-Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ո՛չ Տիգրան Առաքելյանը եւ ո՛չ էլ իր տարածած տեսանյութերը, ու ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել նման տեղեկությունները: Ո՞վ է, ընդհանրապես, այդ Տիգրան Առաքելյանը:
-Նշվում է, որ Տ. Առաքելյանը Ձեզ հետ կապված ինտիմ տեսանյութ է ունեցել, որի մասին նա հայտնել է Ձեզ՝ դրա դիմաց գումար պահանջելով:
-Ես ընդհանրապես չեմ էլ ճանաչում, թե ո՞վ է, ի՞նչ է, ի՞նչ մեկնաբանեմ այդ տեղեկությունը, ինձ թվում է՝ ես շատ հստակ պատասխանեցի: Ես չգիտեմ, թե դա ի՞նչ անուն է, ի՞նչ է, ես այդ տեղեկությունը Ձեզանից առաջին անգամ լսեցի: Դե, հիմա ի՞նչ ասես, որ չեն կարող ասել: Կոնկրետ ինչ-որ ասում եք, դա ես առաջին անգամ եմ լսում Ձեզանից: Ես դա ի՞նչ մեկնաբանեմ: Ես իրեն ո՛չ գիտեմ եւ ո՛չ էլ ուզում եմ ճանաչեմ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈ՞Ց, ԹԵ՞…
Երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց ախտորոշման կասկածով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն, այնուհետեւ հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդների մոտ նախնական ախտորոշվել է սիբիրյան խոց: Սակայն ախտորոշումը վերջնական կհստակեցվի լաբորատոր հետազոտությունների արդյունքները ստանալուց հետո: Պարզվել է, որ հիվանդները հուլիսի 24-ին եղել են Վրաստանի Նինոցմինդա շրջանում, որտեղից միս են գնել: Միսը մշակելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որից հետո էլ նրանք դիմել են բժշկի: Ուշագրավ է սակայն, որ «Արմավիր» ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սիբիրյան խոցի կասկածով դիմող չեն ունեցել: Արտամեդի գյուղապետ Անահիտ Դավթյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման կասկածով բնակիչ իրենց գյուղում չի եղել:

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ՏՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը հուլիսի 30-ին գրել էր, որ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալները բողոքում են օրենսդրությամբ իրենց հասանելիք արձակուրդը չստանալու դեմ: Երեկ «Ժողովուրդ»-ը դատապարտյալներից տեղեկացավ, որ մեր հրապարակումից հետո ՔԿՀ-ի ղեկավարությունը հանդիպել է բաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալների հետ, որից հետո մի քանիսին արձակուրդ է տրվել 7-ից մինչեւ 15 օր:

 

ՆԱՄԱԿԻՆ ՍՊԱՍՈՂ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 15-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում սպանված ռուս զինծառայող Իվան Նովիկովի գործով նամակ է ուղարկել ՌԴ իրավապահներին՝ առաջարկելով իրենց ներկայացնել այն նյութերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ոչ մի քաղաքացի առնչություն չունի այս գործին: Սակայն արդեն անցել է մոտ երկու շաբաթ, բայց ՌԴ իրավապահները դեռ չեն պատասխանել նամակին:

 

ՉՈՒԳՈՒՆԻ ԳՈՐԾՈՎ
Մեր տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի` մականունը Չուգուն, հուլիսի 14-ին տեղի ունեցած սպանության գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործին նման կարեւորություն տալու պատճառն այն է, որ դրանով անցնում են բազմաթիվ քրեական հեղինակություններ: Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ սպանվածը հակասություններ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ: Ըստ լուրերի՝ չի բացառվում նաեւ, որ այս սպանությունը կապված է մեկ այլ` մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ:




Լրահոս