Մերի Մարգարյանի հարազատներին Էրեբունի ԲԿ-ում ասել են, որ թե՛ երեխայի, թե՛ մոր կյանքը հնարավոր կլիներ փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին «Շենգավիթ» ԲԿ-ից ծայրահեղ ծանր վիճակով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված, ապա մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանն, այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց դեպքի մանրամասները: Պարզվում է, որ 3 օր շարունակ՝ հուլիսի 25-ից 28-ը, Մերիի ջերմությունը 38,5 աստիճանից չի իջել, ինչի մասին տեղյակ է եղել նրա բժիշկը՝ Շուշանիկ Բախշյանը:

Վաղինակ Մարգարյանի խոսքով, դեպքին նախորդող շաբաթ և կիրակի օրերին իրենք պարբերաբար զանգահարել են բժշկուհուն՝ հայտնելով, որ Մերիի ինքնազգացողությունը լավ չէ, նա խնդիրներ ունի, ինչին բժշկուհին ագրեսիայով է արձագանքել. «Նրա պես կոպիտ մարդ կյանքիս մեջ չեմ տեսել: Մինչև այսօր էլ նա չի հասկանում՝ ինչ է տեղի ունեցել, ինչից է Մերին մահացել: Ասում է, որ գինեկոլոգիական սխալ չի եղել: Աղջկաս ասում էր՝ էս ինչ ես սարքել, մի հատ հավաքի քեզ: Կնոջս էր  անպատվել, երբ երկուշաբթի եկավ հիվանդանոց, ասում է՝ դուք ձեր հիստերիկայիով այս ի՞նչ խառնաշփոթ եք ստեղծել այստեղ»,- պատմեց հայրը և նշեց, որ երբ բարձր ջերմությամբ աղջկան վերջապես ընդունել են հիվանդանոց և պառկեցրել, երբ  այնտեղ են հավաքվել ծննդկանի ծնողները, սկեսուրն ու սկեսրայրը, բժշկուհին ասել է՝ «էս ինչո՞ւ եք 12 հոգով եկել, հարսանի՞ք» է:

Վաղինակ Մարգարյանի խոսքով, Շենգավիթ ԲԿ-ում  հիվանդը բուժող բժշկի սեփականությունն է, որևէ այլ բժիշկ մյուսի բացակայության ընթացքում իրավունք չունի զննել հիվանդին: Հենց սա էլ, բանախոսի պնդմամբ, հանգեցրեց այն վիճակին, որ Մերին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել Շենգավիթ ԲԿ: Մահացած ծննդկանի հայրը պատմեց նաև, որ Շենգավիթ ԲԿ-ում բժիշկներից մեկն ասել է, որ Մերիին անհապաղ պետք է կեսարյան հատում անել, սակայն որևէ մեկը հիվանդանոցի բուժանձնակազմից չի հետևել խորհրդին: Արդեն ավելի ուշ Շուշանիկ Բախշյանն ասել է, որ իրենց հիվանդանոցում չկան համապատասխան բուժսարքավորումներ և Մերիին այլ ԲԿ պետք է տեղափոխել՝ Արմենիա կամ Էրեբունի: Այստեղ էլ տեղափոխված ծննդկանի հարազատներին ասել են, որ վիճակը ծարահեղ ծանր է. «Բժիշկն ասաց, որ եթե Մերիին երեք վայրկյան շուտ տեղափոխեինք իրենց մոտ, թե´ նրա, թե´ երեխայի կյանքը հնարավոր կլիներ փրկել»:




Լրահոս