Պարզվում է` նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը «էպոսագիտությունը» զարգացնելու բավական լուրջ ու հեռահար մտադրություններ ունի: Նա հավակնում է համաշխարհային գիտության մեջ ֆենոմենալ երեւույթ հռչակվել. կամենում է ԵՊՀ-ում բացել էպոսագիտության ֆակուլտետ՝ այսպես նախադեպ ստեղծելով հետագայում ունենալու հեքիաթագիտության, առակագիտության, անեկդոտագիտության ֆակուլտետներ…
ՀՀ նախագահի այս թեկնածուն, ինչպես ինքն է վկայում, ունի «ուշագրավ» քաղաքական կենսագրություն: Նա 1996-ի նախագահական ընտրություններում եղել է Վազգեն Մանուկյանի շտաբի անդամ: Իհարկե, քաղաքական ելույթներով ու հայտարարություններով հանդես չի եկել, բայց սատարել է Մանուկյանին՝ նրա շտաբում նարդի խաղալով ու սուրճ խմելով: Սա կարող ենք համարել նրա քաղաքական կարիերայի սկիզբը: Իսկ բարձրակետերից մեկը եղավ 1999թ. հոկտեմբերի 27-ը, երբ խորհրդարանում տեղի ունեցած սպանդից հետո, ինչպես Սեդրակյանն է ներկայացնում իր հարցազրույցներում, նրան կանչեցին Ազգային անվտանգության ծառայություն եւ դատախազություն՝ կասկածյալի կարգավիճակով… Վ. Սեդրակյանի մտերիմ շրջապատից մեզ տեղեկացրին, որ ոչ թե Սեդրակյանին են կասկածել որպես հանցագործության անմիջական մասնակից, այլ, ըստ նրանց, «Էպոսագետը» վարել է մի հաղորդաշար, որից էլ ոգեւորված՝ Հունանյան Նաիրին ու նրա խումբը, ազգային «ոգեղենականությանը» տրված, կատարել են ոճրագործությունը: Այս վերջին փաստարկումը, իհարկե, Գյուլնազ տատի հեքիաթների շարքին է պատկանում, որովհետեւ հազիվ թե ԱԱԾ-ն հավատար, թե Սեդրակյանի հաղորդումները լսելով՝ «ռոբինհուդները» ահաբեկչության ծրագիր կազմեցին… Կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, Սեդրակյանն ինչ-որ առնչություն ունեցել է հոկտեմբերի 27-ի հետ, ինչը հետագայում «ջրվել» է նրան սատարող մի քանի բարձրաստիճան զինվորականների կողմից:
Իսկ նա իրոք ունի բարձրաստիճան զինվորական հովանավորներ, որոնց հետ, ըստ շրջանառվող լուրերի, անգամ բիզնես ունի: Այս վերջինը հավանական է համարվում, քանի որ հազիվ թե որեւէ տեղ չաշխատող մարդը կարողանար մեծ հարստության տեր դառնալ: Իհարկե, Եղվարդի մեր աղբյուրները վկայեցին, որ Սեդրակյանի անունը շրջանառվում է տոկոսով փող տվողների ցուցակներում, սակայն միայն տոկոսով փող տալով՝ նա չէր կարողանա նման ունեցվածքի տեր դառնալ: Սեդրակյանը հայտարարում է, որ Դուբայից ապրանք է ներկրել Հայաստան ու վաճառել: Մենք ուսումնասիրեցինք հայաստանյան հարկատուների ցուցակները եւ «էպոսագետի» անուն-ազգանվանը գրեթե չհանդիպեցինք:
«Միտք» կազմակերպությունը, որը ղեկավարում է Սեդրակյանը, մի քանի տասնյակ երիտասարդի ուղեղների լվացումով է զբաղված: Այստեղ Սեդրակյանը կարդալ է տալիս Նիցշեի աշխատություններն ու տարբեր ազգերի էպոսներ՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչի համար է այդ ամենը… Արդյունքում՝ նա ստեղծել է զոմբիացված երիտասարդների մի խումբ, որը սրդողած վերաբերմունք ունի իր «առաջնորդի» հանդեպ: Լրագրող Աննա Օհանյանը մեզ պատմեց, որ իր եղբայրն էլ է հաճախել սեդրակյանական «ընթերցումներին» եւ այդ ամենի համար գումար ստացել. «Իսկ գիտե՞ք՝ ինչի համար է տալիս, որ գիրք են կարդում, ամբողջ օրը նստում են, միայն գիրք կարդում, հետո կարդացածը գրում են… Էն որ կարդում են, շատ գովելի է, բայց ինձ վախեցնում է, որ նա դրա համար գումար է տալիս երեխաներին ու բավական բարձր: Իմ եղբայրը չգիտեմ ինչպես էր հայտնվել այնտեղ, մի քանի օր հետո սկսեց տարօրինակ գաղափարներից խոսել, թույլ չտվեցի այլեւս գնա»: Ահա այսպես: Ուրեմն «էպոսագետը» գիրք կարդալու համար փող է վճարում երիտասարդներին: Այս փաստը որքան տարօրինակ, նույնքան էլ մտահոգող է, որովհետեւ չի բացառվում, որ Սեդրակյանը գործում է որեւէ օտարերկրյա կազմակերպության հովանավորությամբ՝ նպատակ ունենալով իրականում զբաղվել ուղեղների լվացման եւ զոմբիացման գործընթացներով…
Սեդրակյանի կենսագրության «փակ գզրոցներն» այսքանով չեն սպառվում: Ինչպես ինքն է նշել մի հարցազրույցում, ժամանակին նրան դատախազություն են կանչել նաեւ հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ եւ հարցաքննել որպես կասկածյալ: Իհարկե, ինքն այս ամենի մեջ քաղաքական հետապնդման «նշաններ» է տեսնում, բայց եթե մարդը հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվել, որեւէ կուսակցության անդամ չի եղել, ի՞նչ քաղաքական հետապնդման մասին կարող է խոսք լինել: «Էպոսագետը», իհարկե, այս հարցի պատասխանն էլ չի տալիս՝ ամեն ինչ պատելով մշուշով: Նրա «ջահելները» պնդում են, որ ամեն ինչ պայմանավորված է նախանձով եւ չարությամբ, որ այդ ամենը կազմակերպել են մի խումբ համալսարանական պրոֆեսորներ՝ նախանձելով Սեդրակյանի «գիտական ձեռքբերումներին»… Սակայն նրա «գիտական ձեռքբերումները», ըստ էության, չեն անցնում պարզունակ դիլետանտությունից, էպոսի քմահաճ մեկնաբանությունից, որում գիտականությունն իսպառ բացակայում է: Որպեսզի պատկերացում կազմենք Սեդրակյանի պատմագիտական եւ առհասարակ գիտական թափանցումների եւ աշխարհայացքի մասին, բերենք մի օրինակ նրա հոդվածից, որը նվիրված է Արշակունյաց վերջին թագավոր Վարազդատին. «Իսկ Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան) զորավարության ու սպարապետության գործը հանձնեց Բատին, Սահառունյաց տոհմի նահապետին (Սերժ Սարգսյան): Նա Մուշեղի (Վազգեն Սարգսյան) փոխանակ դարձավ բոլոր Հայոց զորավար Սպարապետը: Իսկ Մամիկոնյան տոհմին նահապետ ու տանուտեր նշանակեց Վաչեին (Արամ Սարգսյան), նույն Մամիկոնյաց տոհմից: Այս ժամանակ Պարսկաստանի գերությունից վերադարձան Մամիկոնյաց տոհմից երկու եղբայր, որոնց գերի էր տարել Շապուհ թագավորը (ԱՄՆ, Ջ. Բուշ), որ Սասանյաց ցեղից էր, պատերազմ էր ունեցել Քուշանների մեծ թագավորի հետ (ԱՄՆ-Իրաք), որը Արշակունի էր եւ նստում էր Բահլ քաղաքում: Եւ երբ Պարսից զորքերը (ՆԱՏՕ) գնում էին քուշանների դեմ պատերազմի` ապա Պարսից (ԱՄՆ) թագավորն իր զորքերին ուղարկում էր եւ այն մարդկանց, որոնց գերի էր բերել Հայաստանից, նրանց գնում էր եւ այս Մանուելը իր Կոմս եղբոր հետ (Հայկական զորամիավորում ՆԱՏՕ-ի կազմում)»…
Առայժմ վերջին «նրբագիծն» ավելացնենք այս «մեծ գիտնականի» դիմանկարին. օրերս իր հարցազրույցներից մեկում նա վստահաբար ասաց, որ հայերս երբեք կին տիրակալ չենք ունեցել: Ավելորդ չէ հիշեցնել, որ ունեցել ենք Էրատո թագուհի, որը հիշատակվել է նաեւ որպես Տիգրան Հինգերորդ…
ՍԵԴՐԱԿՅԱՆԻ «ՓԱԿ ԳԶՐՈՑՆԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ