«ԵՍ ԱՆՁԱՄԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԵՋ ՉԵՄ ԵՂԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացել էր, որ ՀՀԿ-ում այս օրերին ակտիվ քննարկվում է որոշ պատգամավորների «մասնակցությամբ» ի հայտ եկած ինտիմ տեսանյութերի հարցը:

Ի դեպ, երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հ. Սահակայնին «արգելել» են ֆեյսբուքում ակտիվ լինել, եւ վերջինս ստիպված է եղել «ջնջել» իր էջը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս իր ֆեյսբուքյան անձնական էջը «ջնջել» է, այժմ գործում է միայն նրա պաշտոնական էջը: ՀՀԿ-ական պատգամավորներին վերաբերող «ինտիմ տեսանյութերի» այս պատմության հետ կապված երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:
-Պարո՛ն Շարմազանով, տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է ՀՀԿ-ականների հետ կապված ինտիմ տեսանյութերի սկանդալային պատմությունը, որի շրջանակներում նշվում է նաեւ Ձեր անունը: Ի վերջո, ի՞նչ տեսանյութի մասին է խոսքը, ու ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի հետ, որը մեղադրվում է այդ տեսանյութերը տարածելու եւ դրանց միջոցով գումար շորթելու մեջ:
-Նախ առաջինը՝ ես արձակուրդում եմ եղել, բնականաբար, արձակուրդից վերադառնալուց հետո եմ տեղեկացել, ծանոթացել որոշակի հրապարակումների, որոնցում առնչություն կա նաեւ իմ անվան հետ: Հիմա ես հստակ, պարզ հանրամատչելի հայերենով բոլորի համար հայտարարում եմ. առաջինը՝ ես անձամբ երբեք որեւէ սոցիալական կայքում, որեւէ սոցիալական ցանցում, դա լինի ֆեյսբուք, օդնոկլասսնիկ, թվիթեր, սկայպ, վոթսապ, վայբեր, առանց խտրականության, որեւէ սոցիալական ցանցում ո՛չ իրական, ո՛չ էլ կեղծ էջ եմ ունեցել ու, ըստ այդմ էլ, որեւէ մեկի հետ որեւէ կապ չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ ես անձնապես որեւէ մեկի հետ ո՛չ վիրտուալ, ո՛չ էլ տեսակապ ու ո՛չ էլ նամակագրական կապ չեմ ունեցել: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ կապված Տիգրան Առաքելյանի հետ, ապա ես որեւէ առնչություն նրա հետ չեմ ունեցել, նրան ո՛չ կյանքում տեսել եմ ու ո՛չ էլ տեղյակ եմ: Տիգրան Առաքելյան կամ, չգիտեմ, Պողոս Պողոսյան, որեւէ մեկն ինձ շանտաժ չի արել, ու ես էլ այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ:
-Եթե Դուք որեւէ կերպ չեք առնչվել Տիգրան Առաքելյանի հետ ու ինչպես պնդում եք՝ որեւէ սոցիալական ցանցի միջոցով որեւէ մեկի հետ կապ չեք հաստատել, ապա ըստ ՁԵզ՝ ինչո՞ւ է շահարկվում Ձեր անունը, ինչո՞ւ որեւէ կերպ պաշտոնապես չի հերքվում Ձեր մասնակցությունն այդ գործում:
-Նշեմ, որ խնդիրը իրավապահ տիրույթում է, ու կոռեկտ չէ, սխալ է, քանի դեռ խնդիրը իրավապահ հսկողության տակ է, քննության փուլում է, որեւէ հայտարարությամբ հանդես գալ ու ենթադրություններ անել: Իմ պարտականությունների մեջ չի մտնում անդրադառնալ իրավապահ համակարգի խնդիրներին ու խոսել ինչ-որ գործի մասին: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է իմ անունը շրջանառվում, ապա ասեմ, որ առաջին անգամ չէ, որ իմ անունը տարբեր հարցերի հետ կապված շրջանառվել է՝ 10 տարվա ընթացքում տարբեր բաներ են հայտարարում: Եթե հիշում եք՝ ասում էին՝ Ալավերդիի ընտրությունների ժամանակ 1 տոկոս ձայն եմ հավաքել, եթե հիշում եք, ասում էին՝ իմ քավոր Վազգեն Խաչիկյանին ուրացել եմ, եթե հիշում եք, ասում էին, որ բիզնեսներ ու միլիոններ ունեմ, ման եկան, ոչ մի բան չգտան, որեւէ հրապարակված տեղեկություն այդ ամենի մասին իրական չի եղել: Իրական չէ նաեւ այս տեղեկությունը: Կրկնում եմ՝ խնդիրն իրավական տիրույթում է, ու իրավական համակարգը թող պարզի: Ես անձամբ որեւէ սոցիալական ցանցում չկամ, չեմ էլ եղել, ես անձնապես որեւէ մեկի հետ կապի մեջ չեմ եղել ու որեւէ մեկի չեմ էլ ճանաչում: Հետեւաբար, Ձեր կողմից հնչեցրած անձն էլ ինձ շանտաժի չի ենթարկել, մնացածը թե ինչպես է եղել, ոնց է եղել, չեմ կարող ասել:
-Բացի Ձեր անունից՝ նշվում է նաեւ երկու ՀՀԿ-ական պատգամավորի անուն՝ Հովհաննես Սահակյան եւ Արտակ Դավթյան, արդյո՞ք այս ժամանակահատվածում զրուցել եք նրանց հետ, արդյո՞ք նրանք եւս պնդում են, որ իրենց մասնակցությամբ որեւէ ինտիմ տեսանյութ չի «հայտնվել» Տիգրան Առաքելյանի «ձեռքում»:
-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի, խնդրում եմ՝ ուշադիր ֆիկսեք իմ ասածը՝ ես անձնապես երբեք որեւէ սոցիալական կայքում ո՛չ եղել եմ, ո՛չ կամ, որպեսզի փակեմ կամ բացեմ: Անձամբ ես՝ Էդուարդ Շարմազանովս, որեւէ մեկի հետ ո՛չ կապ եմ փնտրել, ո՛չ կապի եմ դուրս եկել ու ո՛չ էլ որեւէ մեկի հետ կապ եմ ունեցել: Մնացածը, եթե ինչ-որ բան կա, թող իրավապահ մարմինները իրենք իրականացնեն, դատավարության ժամանակ իրենք էլ որոշեն, թե ում նկատմամբ է շանտաժ արվել, ինչ նյութերով է շանտաժ արվել, ես կյանքումս Տիգրան Առաքելյանին չեմ տեսել, կամ ինչ-որ մեկը ինձ Տիգրան Առաքելյանի անունից ինչ-որ մի բան չի ասել:
-Ձեր գործընկեր Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջը «ջնջել» է…
-Խնդրում եմ՝ Հովհաննես Սահակյանին վերաբերող հարցերն իրեն ուղղեք, կոռեկտ չէ, որ ես ինչ-որ մի բան խոսեմ նրա անունից, ես արդեն ասացի՝ խնդիրը իրավական տիրույթում է, իսկ իրավական համակարգը հայտարարություն չի ներկայացրել, ես ինչ իրավունք ունեմ ինչ-որ հայտարարությամբ հանդես գալ: Ես կարծում եմ՝ շատ հստակ պատասխանեցի այն հարցերին, որոնք ինձ են վերաբերում:

 

 

 

 

ԲՈԼՈՐԻՆ ՏՈՒՆ «ԿԱՆՉՈՂ» ՆԱԽԱՐԱՐՆ Ո՞ՒՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

Հունիսի 22-ին ամբողջ համացանցը ցնցվեց այն բանից հետո, երբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ինքնատիպ լուսանկարները հրապարակվեցին: Բանն այն է, որ տիկին նախարարը ինչ-որ մի արեւադարձային երկիր էր գնացել (այդպես էլ պարզ չդարձավ` պաշտոնական, թե մասնավոր այցով) ու որոշել էր տարբեր դիրքերով լուսանկարվել` մի հաստաբուն ծառի փաթաթված: Այդ լուսանկարների հրապարակումից հետո Հ. Հակոբյանն «անհետացավ» եւ տեւական ժամանակ է` ակտիվություն չի ցուցաբերում:

Իսկ Հայաստանից հետզհետե մեծացող արտագաղթի ֆոնին ներգաղթին միտված «Արի տունը» ծրագիրը մի տեսակ արհեստական եւ ձեւական տպավորություն է թողնում: Հատկապես որ, «Արի տունը» չդիմացավ իրական քննությանը` սիրիահայերին Հայաստանում ընդունելու եւ նրանց համար իրապես ջերմ ու հարազատ տուն դառնալու հարցում:
Տեւական ժամանակ դատարկ հայտարարություններով բավարարվելով` ինչպես ՀՀ Կառավարությունը, այնպես էլ մասնավորապես սփյուռքի նախարարությունը որեւէ գործուն քայլ չարեցին սիրիահայերի խնդիրներին համակարգային լուծում տալու համար, նրանց բնակարաններով ապահովելու ծրագիրը կյանքի կոչելու եւ Սիրիայում ռմբակոծությունների տակ մնացած մեր հայրենակիցներին «տուն բերելու» գործընթացը կազմակերպելու համար:
Ի դեպ, ըստ բազմաթիվ սփյուռքահայերի՝ Հրանուշ Հակոբյանի հետ դժվար է ինչ-որ հարցի շուրջ լուծում գտնել, քանի որ վերջինս մշտապես անում է այնպես, ինչպես իրեն է հարմար:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից պարզել, թե այս օրերին ինչով է զբաղված նախարարը, արդյոք մեկնել է վաստակած հանգստի, թե շարունակում է իր աշխատանքը` վասն Հայաստան-սփյուռք միասնության: Նախարարի` արձակուրդի մեկնելու վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկություն չկարողացանք գտնել: Իսկ նախարարությունում վերջին աշխատանքային իրադարձության մասին արձանագրումը վերաբերում է օգոստոսի 10-ին, երբ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: «ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը»,- ասված է գերատեսչական կայքէջում` առանց պարզաբանելու, թե որտեղ էր ինքը` նախարարը:
Փաստորեն ստացվում է, որ նախարարն արդեն անձամբ չի էլ մասնակցում «Արի տուն» ծրագրի միջոցառումներին եւ բավարարվում է միայն ողջույնի խոսքով:
Կարելի է ենթադրել, որ Հրանուշ Հակոբյանը եւս հասկացել է, որ նման ծրագրերով այլեւս հնարավոր չէ որեւէ արդյունքի հասնել, քանի որ սփյուռքահայերն այլեւս սփյուռքի նախարարությանը չեն վստահում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԱՂԻ ՍՊԱՌՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում աղի արտադրության ծավալները 9.8 տոկոսով նվազել են: Ի դեպ, անցած տարի նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները նվազել էին ընդամենը 5.9 տոկոսով: Եւ այն փաստը, որ աղի արտադրության ծավալները տարեցտարի նվազում են, ամենեւին էլ պատահական չէ: Աղը այն եզակի սննդատեսակներից է, որն անկախ ամեն ինչից, նաեւ՝ գնից, մարդիկ գնում են: Այսինքն՝ աղի արտադրության ծավալներն ուղղակի կապված են սպառողների թվի հետ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում հենց տեղական արտադրության կերակրի աղն է սպառվում: Ուստի, եթե պաշտոնական վիճակագրությունը նշում է, որ աղի արտադրության ծավալները նվազել են, ապա դա իր հերթին ենթադրում է, որ սպառողների թիվը եւս նվազել է:

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կրտսեր որդու դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: Անցած տարվա վերջին նրա դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 89 մլն 831 հազար դրամ: Մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 707 հազար դրամ:
Ուշագրավ է նաեւ այն, որ 392 հազար դրամ աշխատավարձ ստացող փոխնախարարն անցած տարի 52 մլն 20 հազար դրամով հողամաս է գնել: Ի դեպ, նա անցած տարի նաեւ վարձակալության դիմաց է եկամուտ ստացել՝ 4 մլն 320 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մյուս` ավագ որդին էլ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն է:

 

ՏՈՒՅԻ ԶԵՆՔԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի` Տույի մոտից հայտնաբերված զենքերի մի մասը, ինչպես հետագայում է պարզվել, եղել է օրինական, սակայն գրանցված է եղել այլ մարդկանց անունով: Ինքը՝ Արթուր Ղազարյանը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ պահանջել է արագացված դատաքննություն՝ ըստ էության ամբողջությամբ ընդունելով իր մեղքը: Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանն այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի ընկերներից է:




Լրահոս