Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն իր հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո երեկ առաջին անգամ եկել էր թատրոն: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ այցելելով Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 5-ին տեղեկություններ տարածվեցին, թե դերասանն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Թեեւ դերասանի մայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել էր Մհեր Սեդրակյանի ենթակաների կողմից իր որդուն ծեծի ենթարկելու փաստը, այդուհանդերձ, դերասանի` հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը հաստատվեցին, եւ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Ավելին, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն այցելեց հիվանդանոցում պառկած դերասանին:
Սակայն միջադեպի հետ կապված՝ ոստիկանությանը տված բացատրություններում թե՛ տուժողը, թե՛ նրա մայրը շարունակել էին պնդել, որ Սերգեյը վնասվածքը ստացել է նոյեմբերի 29-ին՝ իրենց տանը ներքին հարդարման աշխատանքներ կատարելու ժամանակ փայտե աստիճանից վայր ընկնելու հետեւանքով: Սերգեյի հետ կատարվածը մտահոգել էր նրա ընկերներին եւ թատրոնի աշխատակիցներին, քանի որ սկզբում Սերգեյն ընկերներին պատմել էր, թե իրեն ծեծի են ենթարկել բենզալցակայանում, իսկ ավելի ուշ ոստիկանությունում եւ լրագրողներին այլ բան ասել: Թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, թե թատրոնը չպետք է դիմի ատյաններ. եթե ինքը՝ Սերգեյը, չի ցանկանում դա անել, թատրոնի ձեռքերն ու ոտքերը կապված են: Նա չկարողացավ ասել նաեւ` Սերգեյին իսկապես սպառնացել են, թե ոչ` համարելով, որ դա նրանց գործն է:
Ինչեւէ, դեպքից անցել է 1 ամիս եւ 5 օր: Եվ երեկ Սերգեյ Գրիգորյանը վնասվածքից հետո առաջին անգամ թատրոնում մասնակցեց ներկայացման փորձերին: Ցանկացանք զրուցել նրա հետ, սակայն թատրոնի աշխատակիցները մեզ ասացին, որ այդ պահին ներկայացման փորձ է. «Մեկ ժամից եկե՛ք, կխոսեք նրա հետ»:
Մեկ ժամ հետո այցելեցինք թատրոն, սակայն տեղեկացանք, որ Սերգեյն իր եղբոր` Արտյոմ Գրիգորյանի ուղեկցությամբ գնացել է: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց զրուցել Սերգեյի հետ եւ պարզել, որ նրա առողջական վիճակը կարգավորվել է: Իսկ հարցին, թե ինչու է եղբոր ուղեկցությամբ հեռացել թատրոնից, արդյոք որեւէ մեկից վախենում է, Սերգեյը վստահեցրեց, թե դա ուղղակի պատահականություն է, պարզ համընկնում, եւ որ ինքն ուղեկցողի կարիք չունի: Իսկ երբ փորձեցինք նրանից պարզել, թե ինչու էր միջադեպի հետ կապված ընկերներին այլ բան պատմել, իսկ ոստիկանությունում ներկայացրել աստիճանից վայր ընկնելու վարկածը, արդյոք դա սպառնալիքների արդյունք է, դերասանը կտրուկ արձագանքեց: «Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել եւ վերջ»,-ասաց Ս. Գրիգորյանը` անջատելով հեռախոսը:
Դերասանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում դատաբժիշկը հանգել է եզրակացության, որ Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք՝ առողջության տեւական քայքայումով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ոստիկանությունը եզրակացությունը ստացել է շուրջ մեկուկես ամիս առաջ` դեկտեմբերի 17-ին: Ըստ դրա` Ս. Գրիգորյանը ստացել է գլխուղեղի թեթեւ աստիճանի սալջարդ, երկկողմանի կոնվեքսիտալ հիդրոմա՝ առանց գլխուղեղի ճնշման, տրավմատիկ նեյրոսենսոր ծանրալսության ձեւով: Պատճառված վնասվածքի եղանակի մասին դատաբժիշկը ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ հավանաբար այն հասցվել է բութ, կոշտ առարկայով:
Այդուհանդերձ, Արմավիրի մարզի դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները եւ ստուգել մամուլում նշված հանգամանքները:
ԴԵՐԱՍԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՏԱՐՎԱԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ