ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Human Rights Watch միջազգային հասարակական կազմակերպությունը ներկայացրել է աշխարհի կտրվածքով մարդու իրավունքների վերաբերյալ իր դիտարկումները՝ նոր՝ 2013-ի զեկույցով: Դրանում առանձին գլխով ներկայացված են մարդու իրավունքների հայաստանյան խնդիրները, որոնք դիտարկվել եւ արձանագրվել են 2012-ին:
Հայաստանի իշխող կոալիցիան պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը 2012-ի ընտրություններից հետո՝ վարչական ռեսուրսների եւ ընտրողներին, դիտորդներին ու լրագրողներին վախեցնելու վերաբերյալ մեղադրանքների ֆոնին. այսպես է մեկնարկում Human Rights Watch-ի զեկույցի՝ Հայաստանի հատվածը:
Մարդու իրավունքների այլ թերացումների շարքում զեկույցի նախաբանում հիշատակվում են զինվորական ծառայության այլընտրանքի՝ քաղաքացիական ծառայության առաջարկը նրանց, ովքեր գաղափարական հողի վրա չեն ցանկանում ծառայել բանակում, ոչ պատերազմական պայմաններում բանակում մահվան մտահոգիչ քանակությամբ դեպքերի գործերով արդյունավետ հետաքննությունների անցկացումը:
Այլեւս խնդիր չեն քաղաքական դրդապատճառներով զրպարտությունների գործերով դատավարությունները, սակայն մեդիաբազմազանությունը պակասում է, իսկ մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ որոշ լրագրողներ դաժան հարձակումների են ենթարկվել «կողքից նայողների» կողմից, որոնցից ոմանք Հայաստանի իշխող կուսակցության անդամներ են:
Լուրջ խնդիրների շարքում նշվում են սեռական կողմնորոշման վրա հիմնված բռնությունները եւ խտրականությունը: Բյուրոկրատական սահմանափակումները խանգարում են ուժեղ գործող դեղամիջոցների մատչելիությունը մահացու հիվանդություններով մարդկանց համար:
Խորհրդարանական ընտրությունների կտրվածքով առանձին ենթագլխում նշվում է, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական զեկույցի գնահատականով մայիսի 6-ի ընտրությունները մրցակցային էին եւ հիմնականում հանդարտ, սակայն «դրանք փչացրին անհավասար հնարավորությունները»՝ չարաշահվել են վարչական ռեսուրսներ, կուսակցական ներկայացուցիչներն ու տեղական իշխանությունները ճնշումներ են գործադրել ընտրողների վրա, միջամտել են քվեարկությանը եւ խոչընդոտել լրագրողների աշխատանքը:
Խոշտանգումների եւ ազատազրկության մեջ վատ վերաբերմունքի կտրվածքով նշվում է, որ այդ երեւույթները, ըստ տեղի իրավապաշտպանների, շարունակվում են առկա լինել: Իշխանությունները հաճախ հրաժարվում են հետաքննել վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները եւ քաղաքացիներին ստիպում են հետ վերցնել բողոքները:
Այս կտրվածքով մասնավորապես բերվում է ՀԱԿ-ի ակտիվիստներ Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործի օրինակը: Նշվում է, որ երեւանյան դատարանը հետաքննություն չի պահանջել, չնայած ակտիվիստների՝ դատավարության ընթացքում թույլ տրված չարաշահումների մասին ցուցմունքին: Նշվում է, որ նրանք դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար:
Նշվում է նաեւ ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի դեպքը, որի մասին ահազանգել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Ըստ այդմ՝ 2004-ի ցույցերից հետո իրեն կալանքի տակ առնելով՝ ոստիկանները մետաղյա գործիքներով պարբերաբար հարվածել էին նրա ամորձիներին:
Խոսքի ազատության բաժնում նշվում է, որ քաղաքական դրդապատճառներով զրպարտության դատական գործերն այլեւս լուրջ խնդիր չեն, սակայն մամուլի աշխատանքը խոչընդոտվում է: Մտահոգություն է հայտնվում առ այն, որ հեռուստակայանները քաղաքական գովազդերից նյութեր են օգտագործում լրատվության մեջ: Նշվում է, որ մայիսի ընտրությունների ժամանակ առնվազն 2 լրագրող է հարձակման ենթարկվել՝ ի դեմս Էլինա Չիլինգարյանի եւ Կարեն Ալեքյանի:
Առողջապահական խնդիրների բաժնում բերվում է ՄԱԿ-ի 2009-2010թթ. վիճակագրությունը, որի համաձայն՝ ամեն տարի Հայաստանում 7000 մարդ է մահանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից կամ քաղցկեղից: Իսկ 2012-ին ուժեղ դեղամիջոցների կարիք ունեցողներից միայն 600 հիվանդի ցավը մեղմող դեղորայք մատչելի է եղել իրենց հիվանդության վերջին փուլերում:
Սեռական կողմնորոշման եւ սեռական ինքնության խնդիրներից նշվում է, որ գեյ, լեսբուհի, բիսեքսուալ կամ տրանսսեքսուալ մարդիկ աշխատանքային խտրականության են ենթարկվում, խոչընդոտների բախվում առողջապահության ոլորտում, հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ոտնձգությունների ենթարկվում բանակում, ընտանիքներում, հասարակության մեջ:
Այս կտրվածքով հիշատակվում է մայիսի 8-ին DIY ակումբի պայթեցումը Երեւանում:
Կարեւոր միջազգային գործիչների հայտարարություններից, ի թիվս այլնի, հիշատակվում է ԵՄ-ի նախագահ Հերման Վաբ Ռոմփեյինը, որը, հուլիսին Երեւան այցելելով, ողջունել էր իշխանությունների՝ մրցակցային եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններին ուղղված ջանքերը, սակայն նախազգուշացրել էր, որ 2013-ի փետրվարի նախագահական ընտրությունները պետք է առավել ժողովրդավարական լինեն:




Լրահոս