Հայաստանում ստեղծված աղետալի վիճակի մասին ահազանգում է անգամ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է “ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին” խորագրով զեկույցը, որտեղ ներկայացված տվյալները պարզապես մտահոգիչ փաստեր են արձանագրում: Ընդ որում, մտահոգիչ իրավիճակը ՀՀ-ում տիրում է արդեն 5 տարի շարունակ: Հատկապես ժողովրդագրության ոլորտում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին հետեւողական հետընթաց է գրանցվել:
Ըստ ԱՎԾ տվյալների` 2012թ.-ին ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.3 տոկոսով. 2012թ. ՀՀ-ում ծնվել է 42 հազար 333 երեխա, 2011թ.` 43 հազար 340-ը, այսինքն` 2012թ.-ին 1007-ով պակաս: Նվազել է նաեւ բնական հավելաճը, ըստ պաշտոնական վիճակագրության` այն 2012թ. կազմել է 14 հազար 819, 2011թ.՝ 15 հազար 377:
Հայաստանում նախորդ տարի նվազել է նաեւ ամուսնությունների թվաքանակը. 2012թ. գրանցվել է 19 հազար 63 ամուսնություն` 2011թ. 19 հազար 706-ի փոխարեն: Աճել է ամուսնալուծությունների թիվը. 2012թ. ամուսնալուծվել է 3 հազար 250, 2011թ.` 3 հազար 188 մարդ: Որոշակի դրական ցուցանիշ է արձանագրվել՝ մահացությունների թվի հետ կապված. 2011թ.՝ մահացածների թիվը կազմել է 27 հազար 960, 2012թ. 27 հազար 514 հոգի:
Ժողովրդագրական այս ցուցանիշներում կարեւորը, թերեւս, ծնելիության ու բնական հավելաճի թիվն է, որը, սակայն, հետեւողականորեն նվազում է: Ընդ որում, եթե այս տվյալները համադրում ենք Հայաստանից մեկնած ու չվերադարձածների, այսինքն` արտագաղթածների տվյալների հետ, ապա իրավիճակը, իրոք, մտահոգիչ է: Իսկ Հայաստանից տարեկան արտագաղթում է ավելի քան 40 հազար մարդ. միայն 2012թ. արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 49 հազար 660, ի դեպ, 2011թ., կրկին պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ թիվը 49 հազար 126 էր:
Եւս մեկ բացասական ցուցանիշ, որը լավագույնն է բնութագրում ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակը. ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը: Այս ցուցանիշը մեզանում տարեցտարի ավելանում է աննախադեպ չափերով: Ըստ ԱՎԾ տվյալների` 2010թ. ՀՀ-ում գրանցվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 592, 2011թ.` 674, իսկ արդեն 2012թ.` 740 դեպք: Հիմնականում ինքնասպանության են դիմել 30-60 տարեկան տղամարդիկ, որոնց մեծամասնությունը` գործազուրկ:
Ուշագրավն այն է, որ անգամ պաշտոնական ցուցանիշները չեն մտահոգում իշխանություններին: Փոխարենը Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, գյուղացու դժգոհությանն ի պատասխան, ասել էր. “Դրա համա՞ր էլ եմ ես մեղավոր, չթողնեիր` գնային… Որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր”:
Ճիշտ է, Կոտայքի մարզում Ս.Սարգսյանը փորձել է ինքն իրեն ուղղել ու ցույց տալ, թե մտահոգված է արտագաղթի տեմպերով, նույնիսկ հուզված ճառ է ասել. “Այս օրերին ես շատ համայնքներում եմ լինում, գյուղերում ու քաղաքներում: Ամեն անգամ մեր բնակավայրերով անցնելուց հետո երկու զգացում եմ ունենում՝ հպարտության եւ խորը տխրության: Մեր գյուղերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տների դարպասների վրա հաճախ հանդիպող մեծ ու ժանգոտած, գոցված փականներն ամենածանր տպավորությունն են թողնում: Անկեղծ ասեմ` դատարկվող գյուղի այդ պատկերը միակ բանն է, որ ինձ կարող է հունից հանել”: Սակայն հասկանալի է՝ հանպատրաստից ասված առաջին խոսքերն են մատնում, թե ինչ ու ինչպես է մտածում մարդն` իր ենթագիտակցության մեջ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
* հազար մարդ