Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 1-ին մի խումբ ուսանողներ իրենց նախաձեռնությամբ դասադուլ են իրականացնելու: Ուսանողների բողոքը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին: Նախատեսվում է առավոտյան ժամը 9:00-ին հավաքվել Երեւանի Ազատության հրապարակում, այնուհետեւ շարժվելու են դեպի Երեւանի պետական համալսարան, որտեղից էլ երթը շարունակելու են մյուս բուհերի տարածքներով:
Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց Պոլիտեխնիկական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար, թե վերջինիս կարծիքով, ինչ պետք է արվի: Նա ուսանողներին խորհուրդ տվեց դասադուլ չանել:
-Պարոն Նիկոյան, մի խումբ ուսանողներ նպատակ ունեն սեպտեմբերի 1-ին դասադուլ անել Սահմանադրական փոփոխությունների դեմ: Դուք որպես Պոլիտեխնիկական համալսարանի խորհրդի նախագահ, ինչ եք կարծում, ինչ պետք է արվի՞:
-Նախ պետք է գա ամսի 1-ը: Առաջին անգամ բուհ մտնող ուսանողներ կան, պատրաստվում եմ գնալ և շնորհավորել առաջին կուրսեցիներին և կարևորել ուսման նշանակությունը իրենց կյանքում: Պետք է ասել՝ ճիշտ եք արել, որ նախ առաջինը ընտրել եք պոլիտեխնիկական համալսարանը և երկրորդ, որ այսօր ոչ թե դասադուլ եք արել, այլ եկել եք այստեղ և շատ ճիշտ եք վարվել:
– Իսկ դասադուլ լինելու դեպքում ի՞նչ պետք է արվեն: Ուսանողները ուսումնասիրել են Սահմանադրական բարեփոխումները և դեմ են դրանց:
-Ես չգիտեմ դասադուլ անողներ կլինեն, թե չեն լինի, խորհուրդ կտամ դասադուլ չանել, այլ զբաղվել գիտակրթական իրենց խնդիրներով: Իսկ եթե դասադուլ լինի՝ կարծում եմ որ էական, ընդգրկուն խնդիր չի լինի, որ դրա մասին պետք է մտածել: Եթե որևէ մեկը կունենա անհատական մոտեցումներ դա իր խնդիրն է ՝ իր ազատությունների, իր վերաբերմունքի, հայացքների խնդիրն է:
-Ըստ ձեզ, ո՞վ պետք է իրազեկի ուսանողներին, որպեսզի փոխեն իրենց դիրքորոշումները:
-Իրազեկման խնդիր չկա: Ուսանողները գիտեն, որ իրենք պետք է գնան սովորելու և վերջ: Ես այդպիսի մտահոգություն չունեմ: Չեմ կարծում, որ աշխարհացունց իրադարձություններ կլինեն: Մտահոգություւնն այստեղ ավելորդ է: