Հոկտեմբերին Համազգային թատրոնը կբացի իր թատերական ստուդիան: Այս մասին օրերս հայտնել է Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ծրագիրը կյանքի կկոչվի «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի հետ համատեղ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ ստուդիայի բացման հիմնական նպատակը դերասանական կազմը թարմացնելն է. «Մենք ծրագրում ենք սաներին տալ զուտ մասնագիտական կրթություն, հարակից առարկաներով ծրագիրը չենք ծանրաբեռնելու: Ի դեպ, արդեն ունենք շուրջ մեկ տասնյակ դիմորդներ, սպասումները բավական մեծ են»,-ասաց նա` հավելելով, որ ստուդիան կփորձի լրացնել մյուս բուհերի կրթական ծրագրերի` պրակտիկ գործունեությանն առնչվող բացերը:
Նրա խոսքով` դերասանների նոր սերունդ ձեւավորելուց զատ իրենք նպատակ ունեն ստեղծել ունիվերսալ դերասանական կազմ. «Ուզում ենք ունիվերսալ թատրոն դառնալ, որը կհամապատասխանի 21-րդ դարի պահանջներին, հենց այդ ունիվերսալիզմն է, որ այսօր չի բավարարում, հարկավոր է, որ գան մասնագետներ, որոնք կկարողանան դրսեւորվել ամենատարբեր ոճերում»,-շեշտեց Վ. Մկրտչյանը:
Մեր դիտարկմանը, թե ստուդիայի հայտնվելը մրցակցային դաշտ կստեղծի ոլորտում, Վ. Մկրտչյանը պատասխանեց, որ իրենք շեշտը դրել են ոչ թե մրցակցության, այլ այն հանգամաքի վրա, որ սաները հնարավորություն կունենան ծանոթանալու բոլորովին այլ գեղարվեստական ոճի. «Մեր ստուդիայում կուրսերը ղեկավարելու են Սոս Սարգսյանի դպրոցն անցած մարդիկ, հետեւաբար, այդ դպրոցի ճաշակն են թելադրելու ուսանողներին: Դասավանդելու են Համազգայինի ավագ սերնդից Դավիթ Հակոբյանը, Սոս Սարգսյանի դպրոցն անցած դերասան Արման Նավասարդյանը, Տաթեւ Ղազարյանը, ես ինքս, պարբերաբար կդասավանդեն նաեւ Նարինե Գրիգորյանը, Ալեքսանդր Հարությունյանը եւ այլք»,-ասաց նա:
Թատրոնի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ 13 ամիսների ընթացքում իրենք պետք է հասցնեն մեկ համերգային ծրագիր եւ մեկ ներկայացում պատրաստել. «Դա արտիստներին անհատապես դրսեւորվելու հնարավորություն կտա: Չի բացառվում, որ հետագայում շնորհալի սաները մեզ հետ մեկնեն հյուրախաղերի»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան