ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՄԻԱՅՆԱԿ ԵՆ ՕՁԵՐԻ ԵՎ ԿԱՐԻՃՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչները հայտնվել են դժվարին կացության մեջ: Բանն այն է, որ այս գյուղի բնակիչները վերջին ժամանակաշրջանում իրենց տանը, բակում եւ այգիներում մշտապես հանդիպում են թունավոր օձերի եւ կարիճների:

«Ժողովուրդ»-ին դիմած 50-ամյա Հրայր Արշակյանն, ով արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Նոր Խարբերդում, իր որդու համար նոր տուն է կառուցել, սակայն չի համարձակվում այնտեղ գիշերել, քանի որ տան դիմացի այգում եւ բակում հաճախակի օձեր է նկատում:
«Ես որդուս համար բնակարան եմ կառուցել Նոր Խարբերդում եւ չեմ քնում այդ տանը: Տան տարածքում՝ ե՛ւ այգում, ե՛ւ բակում, հաճախակի հանդիպում եմ օձերի եւ կարիճների: Այս ամռան շրջանում գրեթե ամեն օր տան հողատարածքում, որտեղ հողագործական աշխատանքներ ենք անում, կրկին հանդիպում ենք օձերի: Բայց դրանց դեմ առնել չեմ կարողանում: Ամեն անգամ չես կարող զանգել փրկարարի: Ինչու մասնագետները խորհրդատվություն չեն անցկացնում մարդկանց շրջանում, որպեսզի բացատրեն, թե դրանց դեմ ինչպես պայքարենք: Կամ նշեն մի քիմիական նյութի անուն, որն օգտագործելու դեպքում օձերն ու կարիճները չեն լցվի տները կամ բակերը»,- դժգոհեց պարոն Արշակյանը:
Նրանից բացի՝ Նոր Խարբերդի մի շարք բնակիչներ եւս դիմել են «ժողովուրդ»-ին՝ ահազանգելով թունավոր զեռունների առատությունից:
Ահաբեկված բնակիչների պատմելով՝ Նոր Խարբերդում իրենք հանդիպում են հիմնականում գյուրզա տեսակի թունավոր օձերի, ինչպես նաեւ՝ հանրությանը հայտնի «դեղին եւ սեւ կարիճների»: «Ամեն անգամ զանգում ենք 911 ծառայություն, եւ իրենք րոպեներ անց հասնում են ու վնասազերծում օձին: Բայց չեմ կարող անընդհատ զանգել 911 ծառայություն: Օրինակ՝ մրջյունների համար կան հատուկ նյութեր, որոնց շնորհիվ կարելի է դրանցից ազատվել, բայց օձերի եւ կարիճների համար չգիտենք, թե ինչ միջոցներ կիրառենք»,- նկատեց Նոր Խարբերդի մեկ այլ բնակիչ:
Նոր խարբերդցիների պատմելով՝ այս տարի ավելի շատ են լսում դեպքերի մասին, երբ մարդուն կա՛մ օձն է կծել, կա՛մ էլ կարիճն է խայթել: Օրինակ՝ մոտ օրերս բնակիչներից մեկին՝ Աննա Դանիելյանին, «դեղին» կարիճը երեք անգամ խայթել է: «Մենք կարիճներին ե՛ւ տանն ենք հանդիպում, ե՛ւ բակում: Դրանք ամենուր են: Մոտ օրերս ինձ կարիճը երեք տեղից խայթեց. անկողնուց ուզում էի վեր կենալ, ոտքս ինչ-որ բան խայթեց, ձեռքս տարա, որ տեսնեմ, թե ինչ է, մատս էլ խայթեց ու այդ ընթացքում բարձրացավ, ուսս էլ խայթեց: Եւ քանի որ ուշ ժամ էր, բժշկի չդիմեցի, այլ փորձեցի տնային պայմաններում բուժվել: Քացախաջուր դրեցի, ճիշտ է՝ մի փոքր մեղմացավ ցավը, բայց, միեւնույն է, մինչեւ հիմա ցավ կա»,- պատմեց Աննան:
Տուժած բնակիչը եւս նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ՝ Նոր Խարբերդում ավելի են շատացել կարիճներն ու օձերը: «Մի քանի օր առաջ մեր դիմացի հարեւանի տուն օձ էր մտել. հողագույն ու մեծ էր: Փառք Աստծո, փրկարարները մտան, հանեցին: Նախօրեին էլ մեր տան բակում հսկայական օձ տեսանք, եթե մի փոքր անզգույշ լինեինք, ապա տուն կմտներ»,- պատմեց Աննան:
«Ժողովուրդ»-ը փորձեց Նոր խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանից հետաքրքրվել, թե այս հարցի կարգավորման ուղղությամբ ինչ է ձեռնարկում: «Եթե մենք օձերի դեմ պայքարելու նպատակով ինչ-որ քիմիական նյութ լցնենք հողատարածքներում, ապա նույն այդ գյուղացիների անասունները դա կուտեն, ու այդ ժամանակ էլ նրանք կսկսեն գյուղապետարանից անասուն պահանջել: Այս խնդիրը մեր տեսադաշտում է, բայց անհնար է դրանց դեմն առնել»,- արդարացավ գյուղապետը:
Ստեղծված իրավիճակի արդյունքում` Նոր Խարբերդի տղամարդկանց մի մասն իրենց կանանց ու երեխաներին արգելում են հողամաս գնալ, իսկ իրենք էլ երկարաճիտ կոշիկներ են հագնում ու փայտը ձեռքներից չեն գցում:
Տեղանքն ու եղանակային պայմանները կապ ունեն կարիճների եւ օձերի ավելացման, ակտիվացման հետ. այսպես է կարծում ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, կենդանաբանության ինստիտուտի մասնագետ Արամ Աղասյանը: Նրա խոսքով՝ հիմա կարիճների ակտիվության շրջանն է: «Դրանք սառնարյուն կենդանիներ են: Քիմիական որեւէ միջոց չկա դրանց դեմ պայքարելու համար: Նման դեղամիջոց չկա: Կարիճը գիշատիչ կենդանի է, եւ քաղաքացիներն ընդամենը պետք է պայքարեն այլ կենդանիների՝ սարդերի, ուտիճների դեմ, որոնցով որ կարիճները սնվում են: Իսկ սեւ կարիճի դեպքում այլ կերպ պետք է պայքարեն»,- փոխանցեց Աղասյանը՝ չմանրամասնելով պայքարի ձեւերը: Սակայն զրույցի ավարտին նա վերցրեց դժգոհող քաղաքացիների կոնտակտային տվյալները, որպեսզի նրանց հետ հանդիպի եւ խորհուրդներ տա՝ կարիճների եւ օձերի դեմ պայքարելու վերաբերյալ:
Նշենք, որ վերջին շրջանում թունավոր օձերի հարձակումների դեպքերի մասին տեղեկություններ են հասնում նաեւ Վայոց Ձորից, Կոտայքից, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերից, որոնք, թերեւս, Հայաստանի ամենաօձառատ մարզերն են: Եվ տարեցտարի նման դեպքերի թիվն աճում է: Մասնագետները նշում են, որ, իսկապես, օձերի կազմը մարզերում սկսել է փոխվել: Ի դեպ, Հայաստանի որոշ տարածքներ օձառատ են եղել նաեւ խորհրդային տարիներին: Օձեր հանդիպել են հիմնականում քարքարոտ, լեռնային ու անտառազուրկ տեղանքում: Ներկայումս վիճակը փոխվել է. մեծացել է օձերով բնակեցված տարածքների մակերեսը, ինչպես նաեւ առանձին տեղանքներում օձերի տեսակների թիվը: Մասնագետների կարծիքով՝ դրանց թվի ավելացումն ու ակտիվությունը ոչ միայն ու ոչ այնքան առողջապահական, որքան բնապահպանական խնդիրներ են: Այդ սողունների թվաքանակի աճը հիմնականում երկու պատճառ ունի: Երկուսն էլ կապված են մարդու կենսագործունեության հետ: Բնապահպանները համոզված են, որ Հայաստանում կիսաանապատային եւ անապատային սողուն-զեռունների կազմի ավելացումը նաեւ մեր երկրում գրանցվող անապատացման գործընթացների արդյունք է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԽԱՂԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ԻՆՉՔԱՆՈՎ ԵՆ ՊԱՏՐԱՍՏ

Սեպտեմբերի 3-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը: Ներկայացնում ենք ՀՖՖ-ի կայքում հրապարակված հարցազրույցի տարբերակը՝ որոշակի կրճատումներով:

-Տեղյա՞կ եք սերբական ֆուտբոլում տիրող իրավիճակի եւ Սերբիայի հավաքականի վատ արդյունքների մասին:
-Տեղյակ ենք: Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ինչ-որ չափով խաղերը չստացվեցին: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ գիտենք, որ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել Սերբիայի հավաքականի հիմնական կազմի ներկայիս ֆուտբոլիստներին:
-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ 2 հավաքականներն էլ գրեթե կորցրել են հնարավորությունները՝ խաղալու Եվրոպայի առաջնությունում:
-Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ 2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն, եթե մենք նույնիսկ ոչ մի հնարավորություն չունենայինք երրորդ տեղը գրավելու, մենք, միեւնույն է, խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար:
-Ձեր գլխավորությամբ ՀՀ-ի հավաքականն անցկացնելու է պաշտոնական 2-րդ հանդիպումը: Առաջին խաղին կային կադրային որոշակի խնդիրներ, մի քանի խաղացողներ էլ լավ մարզավիճակում չէին: Այս անգամ ավելի հե՞շտ է, թե ոչ:
-Եթե հաշվի չառնենք, որ Բերեզովսկին ավարտել է կարիերան եւ արդեն մարզիչ է, առաջին անգամ է, որ բոլոր ֆուտբոլիստները, որոնց ուզում էի տեսնել հավաքականում, այժմ այստեղ են: Խաղը ցույց կտա, թե թիմի վիճակն ինչպիսին է: Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է. նրանք հանդիպումներ են ունեցել ակումբներում: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:
-Դժվա՞ր է տրամադրել թիմին հաղթանակի, երբ այլեւս հնարավորություններ չկան:
-Ինչ-որ չափով դժվար է: Բացի այդ՝ խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո, եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղին, քանի որ երկրի պատիվն ենք պաշտպանում:
-Նախորդ տարի ՀՀ-ն Սերբիայի հետ մրցել է Երեւանում: Մրցակցի կազմում այս մեկ տարվա ընթացքում շոշափելի փոփոխություններ տեսնո՞ւմ եք:
-Որոշ փոփոխություններ կան: Տեղյակ եմ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կան: Կան նաեւ խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաեւ նորեկներ:
-Գեւորգ Ղազարյանը երկուշաբթի խաղ ուներ եւ բավական ուշ է միացել հավաքականին, քանի որ Պորտուգալիայից ՀՀ հասնելը հեշտ խնդիր չէ: Արդյո՞ք հասցրել է վերականգնվել:
-Բավական հոգնեցուցիչ է, մի քանի ինքնաթիռ փոխելով, լինել լավ մարզավիճակում: Այսօրվա մարզումից ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեսնենք, որ չի վերականգնվել, ապա կհանգստանա եւ կպատրաստվի Դանիայի դեմ խաղին:

 

 

 

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԹԲԻԼԻՍԻ ԿԼԻՆԻ՞
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ աշնանը Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր կմեկնարկեն ընդդեմ մայրաքաղաքում էլէներգիայի սակագնի թանկացման: «Թելասի» էներգետիկ ընկերությունը, որը պատկանում «Ինտեր ՌԱՕ»-ին, Թբիլիսիի բնակիչների համար 3-4 թեթրիով, այսինքն՝ մոտավորապես մեկ երրորդով բարձրացրել է էլէներգիայի սակագինը: Ընդ որում, «Թելասի» ընկերությունը դժգոհ է ընդունված որոշումից ու սակագնի ավելի մեծ բարձրացում է պահանջում: «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Նիկա Մելիան նաեւ չի բացառել, որ «աշնանը կսկսվի թբիլիսցիների զանգվածային բունտը»: Նրա խոսքով՝ այս ամենի պատճառը երկրի ներկայիս իշխանությունների վարած սխալ քաղաքականությունն է:

 

ԿԱՐԵՎՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ստամբուլում հրապարակվող «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը կրկին հետաձգվել է: Այս մասին հայտնում է Todays Zaman պարբերականը: Թերթը նաեւ տեղեկացնում է, որ դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Ըստ աղբյուրի՝ Դինքի սպանության հետ առնչություն ունեցող կարեւոր տեսագրություն է հայտնվել, որը դեռեւս դատարանին չի ներկայացվել: Հավելենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ «Հրանտ Դինքի ընկերներ» խումբը դատարանի առջեւ բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով բացահայտել Դինքի սպանության իրական պատասխանատուներին:

 

ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:10-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը էրեբունու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Նոր Արեշի 14-րդ փողոցի բնակիչ, 4-ամյա Տիգրան Հ.-ին: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը՝ ժամը 21:40-ին, 1997 թ. ծնված Արտավազդ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը:




Լրահոս