Շուտով հայ հեռուստադիտողի էկրանին կհայտնվի նոր հումորային սիթքոմ, որի շրջանակներում հանդիսատեսին արդեն հայտնի դեմքերը կներկայանան ամենատարբեր զվարճալի իրավիճակներում: «Արմենիա» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի «Դոմինո» սիթքոմը, որը եթերում կլինի սեպտեմբերի 15-ից: Սոս Ջանիբեկյանին, Ռիփփիին, Նարեկ Բավեյանին, Լիկա Սալմանյանին եւ այլ դեմքերի կտեսնենք նոր հումորային կերպարներում:
Երգիչ Նարեկ Բավեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ անձամբ իր համար ոչ միայն հետաքրքիր, այլեւ հաճելի է սիթքոմում նկարահանվելու գործընթացը. «Այս կերպ ոչ միայն մասնակցում եմ դրական մի գործի, մարդկանց պարգեւում ժպիտներ, այլեւ իմ օրն է լցվում, հարստանում: Իհարկե, սիթքոմում հանդես գալն ինձ համար պարտավորեցնող է, սակայն ես իմ առջեւ խնդիր եմ դրել անել հնարավորը հեռուստադիտողին ուրախացնելու համար»,-ասաց նա:
Նարեկի խոսքով` ինքը մարմնավորում է առողջ ապրելակերպով մի երիտասարդի, ով «կարգի է հրավիրում» իր չարաճճի ընկերներին: Մեր այն հարցին, թե արդյոք Նարեկի ձայնային տվյալներն օգտագործվելու են սիթքոմում, արդյոք նա հանդես է գալու նաեւ որպես երգիչ, վերջինս պատասխանեց. « Ո՛չ: Որոշել ենք, որ այս անգամ հանդես եմ գալու բացառապես որպես դերասան, անգամ սիթքոմի սաունդթրեքի հետ ես կապ չունեմ»:
Իսկ, ահա, երգչուհի Ռիփփին առաջին անգամ չէ, որ նկարահանվում է սիթքոմում. նրան հեռուստադիտողները հիշում են նաեւ «Կարգին սերիալ»-ից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռիփփին նշեց, որ երկար ժամանակ Հայաստանում չէր նկարահանվել, ուստի որոշեց առիթը բաց չթողնել:
Սիթքոմում Ռիփփին մարմնավորում է ամուսնացած կնոջ, ով հեշտությամբ կառավարում է ամուսնուն: Մեր այն հարցին, թե ըստ երգչուհու` ինչն է պատճառը, ինչու են իրեն միշտ երես առած աղջիկների դերեր բաժին հասնում, Ռիփփին պատասխանեց. «Թատրոնում հակառակը` դրամատիկ դերեր էի խաղում, իսկ, ահա, էկրանին արդեն երկրորդ անգամն է` նման կնոջ դեր է բաժին ընկնում: Բայց ես իրականում այդքան էլ երես առած չեմ (ծիծաղում է): Ի դեպ, կերպարս կերտելուց առաջ ուսումնասիրել եմ նմանատիպ կանանց հոգեբանությունը, քանի որ ինքս հեռու եմ դրանից»:
Ռիփփիի խոսքով` ինքը ճանաչում է սիթքոմի գրեթե բոլոր դերասաններին, իսկ ում հետ էլ առաջին անգամ է աշխատում, արդեն հասցրել է ընկերանալ. «Ասեմ, որ կադրից դուրս էլ մեր առօրյան շատ զվարճալի է անցնում: Օրինակ` առաջին սերիան նկարահանելու ժամանակ ես եւ Սոսը չէինք կարողանում մեր ծիծաղը զսպել, կենտրոնանալ»,-պատմեց նա` վստահեցնելով, որ սիթքոմը կսիրվի հանդիսատեսի կողմից:
Աննա Բաբաջանյան