ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ԹՈՒՂԹՆ ԷԼ ՉԻ ՕԳՆՈՒՄ. ՓԼՎԵԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջապես իշխող կոալիցիան թեկուզ իմիտացիոն, այնուամենայնիվ, որեւէ կոնկրետ գործողությամբ փորձեց իրավահարաբերությունները կարգավորել: Բայց նույնիսկ այդ «բարաթը» խնդրի լուծում չէ, քանի որ  այն որեւէ իրավական ուժ չունի, բացի այդ` խորհրդարանական ընտրություններից հետո  կոալիցիան գուցե դադարի գործել` կորցնելով բոլոր տեսակի «պապիրուսների» կենսունակությունը: Այնպես որ ՀՀԿ-ԲՀԿ պատերազմը չի ավարտվել եւ կտեւի այնքան, մինչեւ Քոչարյանը հասնի իր ուզածին` վերադառնա…Երբ ԲՀԿ-ականները ավարտեցին ԱԺ-ում անցկացվող իրենց ձեւական նիստը, դահլիճից այնպիսի «տրաուրնի դեմքերով» դուրս եկան, որ դժվար էր հասկանալ, թե ինչ ճնշումների էր դիմակայել երկրի թիվ 2 կուսակցությունը: Միայն Գագիկ Ծառուկյանն էր փորձում հնարավորինս լայն ժպտալ եւ լրագրողներին հավաստիացնել, որ եթե իրենք չմիանային Սերժ Սարգսյանին, նա բանակցային սեղանի շուրջ ուղղակի կտապալեր ամեն ինչ: Եւ այսպես, ինչի՞ շուրջ են պայմանավորվել ԲՀԿ-ականները. «Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի»: Այս նախադասությունը ՀՀԿ-ն համարում է իր հաղթանակը, թե տեսաք, ոնց ստորագրեց «ղազագիրը», ԲՀԿ-ն` իր հաղթանակը` թե տեքստում անուն չկա: Իսկ իրականում սա պարտություն է երկու կողմերի համար էլ, քանի որ արդեն երկու շաբաթ է` նրանք չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, եւ ավազակապետական բուրգը վերջնականապես ճաքեր է տալիս: Ոչ հրապարակային խոսակցությունների ժամանակ ԲՀԿ-ականները բավականին հետաքրքիր մանեւրներ էին անում: Երբ հարցրինք, թե ի՞նչ է բացատրվել կուսակցության ներսում, ի՞նչու ԲՀԿ-ն գնաց պարտության ճանապարհով, այսպիսի պատասխան ստացանք. «Իսկ ո՞վ ասաց, որ պարտվել ենք, ո՞վ ասաց, որ պաշտպանելու ենք, եւ, վերջապես, ո՞վ ասաց, որ ԱԺ ընտրություններից հետո այս կոալիցիան գործելու է: Ընտրությունները թող վերջանան, ամեն ինչ կպարզվի»: ԲՀԿ-ն շատ դժգոհ է Սերժ Սարգսյանի այսօրվա վարած քաղաքականությունից. «Ոնց որ մարդկանց դիտմամբ ստիպեն լարվել իրենց դեմ: Այնպիսի քայլեր են անում, որ մարդկանց ուղղակի դրդեն ցույցերի: Բա Քոչարյանի ժամանակ սե՞նց էր»: Նոստալգիան «տարել» էր ԲՀԿ-ին, բայց մինչեւ Քոչարյանի դուռը:Կարկառուն ՀՀԿ-ականներից մեկն էլ ասաց, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, քանի որ ԲՀԿ-ն ցանկացած պահի կարող է որեւէ պատրվակ բռնել, պոպուլիզմով զբաղվել ու դուրս գալ կոալիցիայից: «Այդ փաստաթղթով մենք երբեք չենք կարող ԲՀԿ-ին ստիպել, որ մնա կոալիցիայում: Եթե օրգանիզմում կա թարախային պրոցես, թերապիան չի օգնում, խիրուրգիա է պետք: Ես կարծում եմ, որ այս հարցին «վիրահատական միջամտություն» է պետք»,- նշեց ՀՀԿ ղեկավարներից մեկը: Նշենք, որ ողջ քաղաքական դաշտին ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը հետաքրքրում է այնքանով, որ դրա լուծմամբ վերջ է դրվելու նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու հարցին: ՀՀԿ-ում վստահ են, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ ցանկություն ունի վերադառնալու, որ այսօրվա իշխանական բուրգից` գործադիր եւ օրենսդիր, բավականին թվով Սերժ Սարգսյանի «համակիրներ» կանցնեն Քոչարյանի կողմը, քանի որ նրանք 10 տարի «խոնարհվել» են Քոչարյանի առաջ: «Վիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել»,- սա ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ ՀՀԿ ղեկավարներից մեկի խոսքն է: Ի դեպ, ՀՀԿ-ն այնպիսի վիճակում է հայտնվել, որ արդեն երեկ հիշում էին, թե ինչ էր ասել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «ՀԱԿ-ը կայունության երաշխավորն է. այս խոսքերը ՀՀԿ-ին նույնիսկ հնարավոր համագործակցության ենթադրությունների առիթ էր տվել: Մի խոսքով, կոալիցիոն նոր հուշագրից դժգոհ էին բոլորը` ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, որ կորցրեց նոր պաշտոններ ստանալու հնարավորությունը: Բայց հետաքրքիր է, որ նոր հուշագրից դժգոհ էր նաեւ Դաշնակցությունը: Նրանք հրաժարվում էին մեկնաբանել հրապարակավ, իսկ մտերիմ զրույցներում ասում էին, թե «բա սա անելու բան ա՞, մարդուն ստիպելով  դիրքորոշում են պարտադրում»: Իհարկե, ամենավատ վիճակը Գագիկ Ծառուկյանինն էր, քանի որ հա՛մ հեղինակազրկվեց կուսակցության ներսում եւ հասարակության շրջանում` «ընդունելով Սերժ Սարգսյանի կրոնը», հա՛մ այսուհետ պարտադրված կլինի ԲՀԿ-ի ընտրացուցակը համաձայնեցնել Սերժ Սարգսյանի հետ` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց, այս ամենից զատ, Գագիկ Ծառուկյանը փչացրեց հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ. հաստատ նրան դուր չի եկել այս ամենը: Իսկ ինչի՞ց վախենալով ԲՀԿ առաջնորդը գնաց այս խայտառակությանը, հասկանալի է բոլորին. այդ մասին առաջինն ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` «Ծառուկյանին բոմժ են սարքելու»:Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացների գնահատականին, ապա պետք է եւս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանում կուսակցական լիբերալիզմ չկա: Որոշում կայացնողը մեկն է: Իսկ կուսակիցները ընդամենը «ֆոն են ապահովում»` լինի դա ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, թե մյուս «կ»-երում:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս