«Ալիշան» պահածոների գործարանը աճուրդի կհանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանը սեպտեմբերի 25-ին կհանվի աճուրդի: Ինչպես բազմաթիվ այլ ընկերությունների, այնպես էլ «Ալիշան»-ի սնանկացման պատճառը ֆինանսական խնդիրներն են:
Շուրջ տասը տարի գործող «Ալիշան» պահածոների գործարանի հիմնադիր տնօրեն Սերժիկ Մոսեսյանը 1998-1999թթ. Իրանից վերադարձել է Հայաստան եւ հիմնել գործարանը: Այն տարվա ընթացքում ուներ 50-60 աշխատող, իսկ ամռան ամիսներին աշխատողների թիվը հասնում էր 150-ի: Դեռեւս 2013 թվականին Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը հայտնվել էր փակման եզրին: Գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ պատճառը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված սխալ հաշվարկներն էին: Եւ այդ շրջանում գործարանի տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե պատրաստվում է հեռանալ Հայաստանից, քանի որ չի կարողանում այս պայմաններում աշխատել:

«Ես բողոքելու եմ: Այս կերպ են անում, որ թողնենք ամեն ինչ ու գնանք երկրից: Սպասում եմ «Գազպրոմ Արմենիա»-ի արձագանքին: Հակառակ դեպքում դիմելու եմ դատարան, հետո կողպելու եմ գործարանն ու թողնեմ, գնամ: Այս ճգնաժամի մեջ գազի վարձը կրկնակի են հաշվել: Կարելի չէ այսպես շարունակել: Եթե այս գործարանն էլ փակվի, բազմաթիվ հայեր կմնան անգործ: Ես էլ թողնելու եմ ու մյուսների նման հեռանամ երկրից: Մի՞թե սա կապ չունի երկրի անվտանգության հետ: Դատարան եմ մտնելու, բայց Աստծուն է հայտնի՝ կհաջողվի հաղթել, թե ոչ: Մենակ ուժս չի պատի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր Սերժիկ Մոսեսյանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ունեցած հակամարտության ընթացքում: Սակայն գործարանի տնօրենն այդպես էլ դատարան չդիմեց: Փոխարենն ընդդեմ «Ալիշան»-ի դատական հայցեր ներկայացրին մի քանի կազմակերպություններ՝ գումար բռնագանձելու եւ ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով:

«Ալիշանին» դատի տված ընկերությունների թվում են «Գրանդ Մաստեր» ընկերությունը՝ գումարի բռնագանձման, «ԻՍՏ Լոգոս» Էքսպո Կենտրոն» ՓԲԸ-ն՝ տոկոսներ վճարելու, վնասները փոխհատուցելու, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ն՝ գումարի բռնագանձման պահանջներով: Իսկ, ահա, «Ալիշան»-ին սնանկ ճանաչելու պահանջով հունիսի 4-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Վիրտուլեքս» ՍՊԸ-ն, որն իրավաբանական ծառայություններ է մատուցում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս պահին «Ալիշան» պահածոների գործարանը գտնվում է լուծարման փուլում: «Վիրտուլեքս» ընկերությունը դատարան ներկայացրած դիմումով հայտնել է, որ 2013 թվականի հունվարի 15-ին իրենց ընկերության եւ «Ալիշան»-ի միջեւ իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր է կնքվել, համաձայն որի` 2014 թվականի մարտի 1-ի դրությամբ պարտապան «Ալիշան» ՍՊԸ-ի կողմից «Վիրտուլեքս» ՍՊԸ-ին վճարման ենթակա գումարը կազմել է 5 մլն 40 դրամ: Այն վճարելու` պայմանագրով սահմանված ժամկետը լրացել է, սակայն «Ալիշան»-ը ստանձնած պարտավորությունները չի կատարել: Իսկ, ահա, «Ալիշան» ՍՊԸ-ի տնօրինությունը պատճառաբանել է, որ «Վիրտուլեքս»-ին պարտք գումարները վճարելուց երբեք չի խուսափել, սակայն չի կարողացել կատարել իր պարտավորությունները, քանի որ ընկերության գույքն ու դրամական միջոցներն անընդհատ գտնվել են ագելանքի տակ: Ի դեպ, ներկայումս էլ ընկերության հաշիվները գտնվում են արգելանքի տակ, ինչի պատճառով էլ «Ալիշան» ՍՊԸ-ն չի կարողանում կատարել դիմումատուի հանդեպ ունեցած պարտավորությունները: Ուստի «Ալիշան»-ն իր հերթին է դիմել դատարան եւ խնդրել մերժել «Վիրտուլեքս»-ի դիմումը:
Սակայն դատարանը «Վիրտուլեքս»-ի դիմումը բավարարել է: «Ալիշան»-ը դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ, այնուհետեւ վճռաբեկ դատարաններ, բայց այն հետ է վերադարձվել, եւ սնանկության մասով այս տարվա հունիսի 19-ի վճիռը մնացել է անփոփոխ:

Արդյունքում` այսօր ընկերությունը պարտք է Տիգրան Հարությունյանին 5 մլն 751 հազար 191 դրամ, պետական տուրք՝ 500 հազար դրամ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին՝ ավելի քան 2 մլն դոլարին համարժեք դրամ, որը գրավով ապահովված է, Վարդան Հրանտի Գրիգորյանին՝ 14 մլն 462 հազար 687 դրամ, ՀՀ ֆինանսների նախարարության Արտաշատի ՏՀՏ՝ 64 մլն 215 հազար 296 դրամ, Խոսրո Մոհամմադհուսեյնի Սուֆիէնայաթին՝ 217 հազար 656 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ին՝ 5 մլն 461 հազար 186 դրամ: Ի դեպ «Ալիշան» ընկերությունը նաեւ գույքահարկի եւ հողի հարկի պարտքեր ունի Մասիսի քաղաքապետարանին:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության տնօրեն Սերժիկ Մոսեսյանի հետ, սակայն վերջինս Հայաստանում չէր: Նրա որդին՝ Սարգիս Մոսեսյանը, նույնպես երկրում չէր: Այդ պատճառով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ալիշան»-ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի հետ, ով հայտարարեց, որ ընկերությունը սեպտեմբերի 25-ին աճուրդի կհանվի: «Իրենք մտադրություն ունեին նոր բիզնես հիմնել, բայց դեռ չգիտեն՝ կստացվի՞, թե՞ ոչ: Իսկ այս գործով իրենք առողջացման ծրագիր չեն ներկայացնելու»,- նշեց սնանկության գործով կառավարիչը:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ընկերությունն արտադրանք չունի, միայն սարքավորումները, տեխնոլոգիաները եւ հոսքագծերն են հանվելու աճուրդի: «Կհաջողվի, արդյոք, իրենց բիզնես հիմնել Հայաստանում, հայտնի չէ: Եւ որպեսզի բիզնեսը չկորչի, այն աճուրդի է դրված մեկ լոտով, որպես մեկ գույքային համալիր, որտեղ շենք-շինություններն են, հոսքագծերն են: Եթե գործարանը մասնատված աճուրդի հանեինք, ապա բիզնեսը կկորեր»,- ներկայացրեց Գ. Բարխուդարյանը` հավելելով, որ դեռեւս հայտեր չկան:
Այս պահին դժվար է ասել՝ Մոսեսյան ընտանիքը կցանկանա՞ կրկին բիզնես հիմնել Հայաստանում, թե այն աստիճան հուսահատված է ու հիասթափված, որ իսկապես իրականություն է դարձնելու դեռեւս 2013 թվականին արած հայտարարությունը` հեռանալ երկրից: Իսկ այս ամենին հայրենի Կառավարությունը լուռ անտարբերությամբ հետեւում է` փորձ անգամ չանելով հերթական` մի քանի տասնյակ աշխատատեղերը փրկել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս