ԱԺ նախկին պատգամավոր, “Շրջադարձ” հկ նախագահ Էմմա Խուդաբաշյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ այս նախագահական ընտրությունների ամենահետաքրքիր մասը թերեւս արդյունքների վերլուծությունն է. “Որ ժողովուրդն ակնհայտորեն դժգոհ է ներկա իրավիճակից, որ կառավարման փոփոխություն է պահանջում, կարծում եմ՝ բացահայտ է, բայց եթե ընտրությունների արդյունքները համեմատում ենք պառլամենտական ընտրությունների եւ ՀՀԿ-ի՝ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կազմելու փաստի հետ, հարց է ծագում՝ “թի՞մը” չաշխատեց, թե՞ դավադրություն էր”:
-Եվ ի՞նչ է պատահել:
-Պատահել է հետեւյալը. ԱԺ ընտրությունների ժամանակ կային նախընտրական ցուցակներ, դրանցում սեւով սպիտակի վրա գրված էին կոնկրետ մարդկանց անուններ, որոնք էլ գիշեր-ցերեկ աշխատում էին սեփական անձեռնմխելի ու տաք տեղն ապահովելու համար: Իսկ Սերժ Սարգսյանը 2018-ին այլեւս չի կարող առաջադրվել. ուրեմն ,ինչո՞ւ մեզ կոտորենքե: Հենց այս մտայնությունը, պահվածքն ու գործելակերպն առաջին հերթին զգացել ու հենց դրան է արձագանքել խորաթափանց հայ մարդը:
-ՀՀԿ թիմը փախչո՞ւմ է Սարգսյանից:
-Ըստ էության, գործող նախագահը վերընտրվել է շոշափելի առավելությամբ, ավելին, 2008-ի համեմատ բնակչության վստահության քվեն դեռ մի քանի տոկոս էլ ավելացել է: Նախագահական ընտրությունները նոր էին մեկնարկել, եւ դեռ չէր հնչել “նենգամիտ” կրակոցը, երբ ես հարցազրույցներիցս մեկի ժամանակ նկատել էի, որ նախագահը հոգնել է հին “սազանդարներից” եւ մենակ է գնում իր նախընտրական հանդիպումներին: Հիմա արդեն հասկանալի է, որ փոփոխություններ իրականացնելու որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել էր մինչեւ վերընտրվելը, իսկ նրա շրջապատի “որոշները” շատ ավելի վաղ էին զգացել, որ լուրջ փոփոխություններ են լինելու… Եվ, ինչպես հասկանում եք, հավանաբար միջոցներ էին ձեռնարկել, որովհետեւ խառը իրավիճակը շատ ձեռնտու էր հենց իրենց… Այսօր ունենք այն, ինչ ունենք:
-Բայց, անկախ այդ ամենից, ժողովուրդն ուղղակի հիասթափված է Ս. Սարգսյանից: Դրա մասին բոլորն են խոսում:
-Մեր երկրի նախագահը նախորդ հինգ տարիներին արել է հնարավորն ու անհնարն այս բարդ, փոփոխական աշխարհում, իրար հաջորդող ֆինանսական ու քաղաքական ճգնաժամերի, արտաքին ճնշումների, հասարակության բեւեռացման ու համարյա պատերազմի վիճակում գտնվող մեր պետության անվտանգությունն ու անդորրը պահպանելու համար: Այլեւս չկան հալածյալ քաղաքական գործիչներ ու ձերբակալված կամ ծեծված լրագրողներ, բոլորն ունեն իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու հնարավորություն, հեռուստաեթերը բաց է, մամուլը՝ ազատ: Ճիշտ է, անելիքներն ու բացթողումները դեռ շատ-շատ են, բայց, իմ կարծիքով, խնդիրը միայն վերընտրված նախագահը չէ, մեր ժողովուրդը, մենք բոլորս ենք հիասթափված ղեկավարման ներկայիս համակարգից:
Հայաստանում խանութպանից սկսած մինչեւ ցանկացած “պետ” այսօր ինքնիշխան տեր են դարձել ու իրենց մտավոր ունակությունների համեմատ կամ բարի ժպիտով լկտիորեն խաբում են կամ ծեծելով ու ծաղրելով նույնքան լկտի թալանում: Էս մի թիզ երկրում այդ բոլոր “պետիկները” ստեղծել են իրենց “թիմերը”: Իսկ այս ընտրությունների ժամանակ զարմանալիորեն պարզ երեւաց, որ Ս. Սարգսյանի կողքին հատուկենտ նվիրյալներ կան միայն: Հիմա ինչպե՞ս ասենք, որ արքունիքում դավադրություն չկա:
Իրավիճակի ամենադառը մասն այն է, որ եթե վաղը ԱԺ-ն ցրելու եւ նոր ընտրություն անցկացնելու խնդիր առաջանա, իրենց պատյաններում պահ մտած բոլոր խխունջները դուրս են գալու ու փրփրած բերաններով, իրար հերթ չտալով՝ գովք են երգելու… Ցավոք, մեր իրականությունն այսպիսին է դարձել…
-Բայց չմոռանանք, որ ընտրակեղծիքներ իսկապես եղել են:
-Դուք հավանաբար մոռացել եք 1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրությունները, Սահմանադրական դատարանի՝ վստահության քվե անցկացնելու որոշումը, ծեծը, ջարդն ու էլեկտրաշոկերով հետապնդումները, մարտի 1-ն եք մոռացել… Հնարավոր է՝ որ ես շատ սուբյեկտիվ եմ, որովհետեւ իմ տեսածի եւ վերապրածի համեմատությամբ ներկայիս ընտրակեղծիքները կա՛մ շատ հմտորեն թաքցված են, կա՛մ ոչ այնքան ծավալուն: Ամեն դեպքում, այս հարցը պիտի քննարկվի իրավական հարթության վրա, Օպերայի հարթակը դրա տեղը չէ, միտինգային գործընթացները, որոնք ներկայում միանշանակ չափի ու բարեկրթության սահմաններում են, խնդրին, միեւնույն է, լուծում չեն կարող տալ:
–Չե՞ք կարծում, որ կարող է գտնվեն գործիչներ, որոնք կցանկանան Ր. Հովհաննիսյանի շարժումը “սեփականաշնորհել”:
-Համոզված եմ, որ այդ մարդիկ վաղուց գործում են, ատամներն էլ սրած սպասում են իրենց պատառին, բայց նաեւ հուսով եմ, որ կիրթ ու գիտակ քաղաքական գործիչ Ր. Հովհաննիսյանն ու փորձառու ժառանգականները, առավելագույնս օգտագործելով իրենց ընտրողների տված մեծաթիվ քվեն, կկարողանան դառնալ կառուցողական եւ հզոր ընդդիմություն: Մի բան, այնուամենայնիվ, ուզում եմ ավելացնել… Ոչ բռնի դիմադրության ժամանակները վաղուց են անցել, բացի դրանից, չեն էլ տեղավորվում հայկական մենթալիտետի մեջ, ինչքան ուզում եք անունը “Բարեւ” դրեք… Վախենամ, անջրպետի խորացման շարունակությունը դաժան ու անդառնալի հիասթափության բերի… Ուստի եկե՛ք “դիմադրությունը” փոխարինենք “երկխոսությամբ”, եւ մեր “բարեւը” թող դառնա “փոխհամաձայնությունը”:
-Կլինի՞:
-Միակ ելքը երկխոսությունն ու փոխհամաձայնությունն է, մեր ժողովուրդը մի քանի օր առաջ իր քվեն է տվել կայունության ու արժանապատիվ կյանքի համար: Թե՛ դիմության, թե՛ ընդդիմության մեջ կան հրաշալի, գիտակ ու անձնվեր մարդիկ, որոնք կարող են ծառայել այս երկրին, դառնալ իշխանության մաս եւ, վերջապես, ներսից վերափոխել համակարգը ու բոլորիս կյանքը: Ես՝ որպես հայ կին, մայր, տատ, եւ ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ եւս, հավատալով մեր ժողովրդի ներուժին, վստահ եմ, որ պատրաստ կլինեն մասնակցելու համերաշխության անժամկետ հանրահավաքի, միայն թե Հայաստանում կայանա իրական ու ազգային շահերի հաղթանակին ուղղված փոխհամաձայնություն:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 488 համար