Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը՝ այսօր սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ» քաղաքացիական և քաղաքական ճակատի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել 21 ցուցարարի: Փորձ է եղել, անգամ, բերման ենթարկել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին:
ArmLur.am-ի հետ զրույցում բերման ենթարկված ակտիվիստ Հրայր Մանուկյանը հայտնեց, որ իրենք բերման ենթարկվել առանց որևէ պատճառաբանության ու բացատրության, ոստիկանության Արաբկիրի բաժնում ևս որևէ պատճառ չի ներկայացվել. «Մեզ այդպես էլ չներկայացրին բերման ենթարկելու պատճառները: Ինչ-որ արձանագրություններ են արվել, ես էլ բացատրություն եմ գրել, որ ինձ բռնությամբ են նստեցրել ոստիկանական մեքենան: Գիտեմ, որ բերման ենթարկվածներից 7 հոգու մասով ընդհանրապես արձանագրություններ չեն արվել: Իսկ մեզ վարչական տույժի ենթարկելու մասին այնտեղ չեն հայտնել»,- հայտնեց բերման ենթարկված ակտիվսիտը:
Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք բաժնում պահվել են 3 ժամ, իսկ արձանագրությունը կազմվել է ոստիկանի օրինական պահանջները չկատարելու հատկանիշների համաձայն:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ բերման ենթարկվածների թվում է եղել նաև փաստաբան Տիգրան Եգորյանը, ով ArmLur.am-ին հայտնել է, որ իրեն իրավապահներն ասել են, թե բերման են ենթարկել ճանապարհի երթևեկելի հատվածը փակելու պատճառով: Սակայն փաստաբանը վստահեցրեց, որ իրենք կանգնած են եղել մայթերի վրա, երթևեկությանը չեն խոչընդոտել: