ԲՀԿ ներկուսակցական խնդիրներ ունի. ինչու որոշվեց քոչարյանական թևին հեռացնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ տարածքային կառույցը, որտեղ Էլինար Վարդանյանը գրանցված է որպես ԲՀԿ անդամ, երեկ նրան կուսակցության շարքերից հեռացնելու որոշում է կայացրել: Սակայն Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու համար անհրաժեշտ է, որ տարածքային կառույցի որոշումը հաստատի նաեւ ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի եւ կհաստատի տարածքային կառույցի որոշումը: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցության կողմից նման որոշում կայացնելու պատճառը ներկուսակցական խնդիրներն են եղել:

«Մարդիկ սա փորձում են կապել սահմանադրական փոփոխությունների հետ: Սահմանադրական փոփոխությունների քննարկմանը տվյալ անձիք չեն մասնակցել, չեն եկել քվեարկության, հետեւաբար նրանք «ոչ» չեն քվեարկել: Իսկ ով է ասել, որ քվեարկությանը չգալը «ոչ» է, իսկ միգուցե «այո» է: Մենք հարգելի ենք համարել բոլորի բացակայությունը»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքերով՝ այս խնդիրը կապված է տարատեսակ այլ՝ ավելի լուրջ եւ ավելի ներկուսակցական հարցերի հետ: «Երկար ժամանակ համբերել, սպասել, համոզվել ենք, որ մարդիկ այլ ծրագրեր ունեն, իրենց խնդիրն է, եւ միջամտելու կամ պատժելու լիազորություն եւ ցանկություն չունենք»: «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից պարզել, թե ինչու են որոշել իրենց կուսակցության քոչարյանական թեւի ներկայացուցիչներից ազատվել: Մելքումյանն այս առնչությամբ ասաց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ դեմոկրատական կառույց է, եւ որեւէ մեկը որեւէ մեկի նկատմամբ պատժիչ գործողություններ երբեւիցե չի իրականացրել. «Կան բնականոն ներկուսակցական գործընթացներ: Դա մեր ներքին խնդիրներն են, եւ կարծում եմ՝ ավելորդ է դրա մասին շատ հրապարակել: Ես թեւեր չգիտեմ՝ որն է, ես թեւեր չեմ ճանաչում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս