“Արթիկ” քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանը պատրաստվում է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Երեկ ուշ ժամի Aravot .am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը հացադուլ է հայտարարել: Վերջինս եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (,Շմայսե) եղբոր` “Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը եւ մեղադրվել է Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով: Սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ համարում է քաղբանտարկյալ:
“Մալախ” մականունով հայտնի Արթուր Այվազյանը մի քանի ամիս է` վիճարկում է իր վաղաժամկետ ազատվելը` այսպիսով դատի տալով “Արթիկ” քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին:
Վաղը՝ մարտի 14-ին, ժամը 15.30-ին նրա հերթական դատավարությունն է Շիրակի մարզի վարչական դատարանում, որտեղ կալանավորը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Ըստ կալանավորների, նա չի կարող լինել քաղաքացի այն երկրում, որտեղ քաղաքացիներ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս, կալանավորի ձեւակերպմամբ՝ իրավական ահաբեկչություն է իրականացնում երկրում:
ՀՀ քրեակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը Aravot .am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` նշելով, որ նա հացադուլ է սկսել երեկ երեկոյան ժամը 21.00-ից: Իսկ թե ինչու է կալանավորը հացադուլ հայտարարել, Գոռ Ղլեչյանը պարզաբանել է, որ նա չի ենթարկվում քրեակատարողական հիմնարկի օրինական պահանջներին, մասնավորապես՝ չի ուզում համազգեստ կրել, ու այդ պատճառով է հացադուլ հայտարարում, որը նրա իրավունքն է: