ԼԱՎ Է` ՀԻՇԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն բանից հետո, երբ Շուշան Պետրոսյանի հետ հարցազրույցում լրագրողներից մեկը նկատեց, որ այս օրերին, երբ երգչուհու հասցեին քննադատության տեղատարափ է, նրա կուսակից ընկերները լռում են, իսկ երգչուհին էլ լրագրողի` «ո՞ւր են նրանք» հարցին հակադարձեց` «հարցրե՛ք նրանց, թե ուր են», միանգամից արթնացավ ՀՀԿ-ականների «թասիբը», եւ նրանք մեկը մյուսի հետեւից երեկ հանդես եկան իրենց կուսակից ընկերոջը պաշտպանող հայտարարություններով: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, օրինակ, չգիտես ինչու, երեկ բոլորին հիշեցրեց, որ Շուշան Պետրոսյանը «մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է», կարծես թե որեւէ մեկը վիճարկում էր երգչուհի Շուշան Պետրոսյանի մասնագիտական շնորհքը: Իսկ ահա ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որոշեց բաց նամակով սատարել իր կուսակից ընկերոջը` դրանում, սակայն, օգտագործելով այնպիսի համեմատություններ, որոնցով տեղիք տվեց երգչուհու կերպարի շուրջ ֆեյսբուքյան նոր կոլաժների տարածմանն ու անտակտ շահարկումներին: Աշոտյանը Շուշանին համեմատեց հայտնի «Մաուգլի»  սովետական մուլտֆիլմի  հերոսներից մեկի հետ, որը թաթալոշներ էր տալիս շեկ շներին: Թեեւ Աշոտյանը չնշեց կոնկրետ Բալու արջի անունը, այդ մուլտֆիլմին քաջածանոթ յուրաքանչյուրին էլ պարզ է, որ նա Շուշանին համեմատեց հենց հսկայամարմին արջի հետ: «Տեսնելով, թե ինչ թաթալոշներ ես տալիս աջ ու ձախ քեզ վրա հարձակվող էակներին, ակամայից քեզ համեմատում եմ այդ հեքիաթի հերոսների հետ` նույնքան բարի եւ ուժեղ, ազնիվ եւ նվիրված»: Իսկ ֆեյսբուքահայությունը, տեսնելով, թե ինչպիսի զուգահեռներ է անցկացնում Աշոտյանը, ակամայից մտածում է, որ գուցե ավելի լավ կլիներ, եթե նա այդ սատարող նամակն առհասարակ չգրեր: Առավել եւս, որ դրանում առկա որոշ մտքեր պարզապես ուղղված են երգչուհու դեմ: «Շուշան ջան, վերջին օրերի ընթացքում ականատես եմ լինում քեզ եւ քո առիթով` ՀՀԿ-ի վրա լայնածավալ հրապարակային լեզվահարձակումների»,-ասում է Աշոտյանը: Մինչդեռ ակնհայտ է, որ տեղի է ունենում հակառակը. ոչ թե Շուշանի առիթով են ՀՀԿ-ի վրա լայնածավալ լեզվահարձակումներ անում (ի դեպ, հայերենում կարծես թե նման բառ չկա), այլ ՀՀԿ-ի առիթով են Շուշանի վրա հարձակվում: Այնպես որ, գոնե այդպիսի ակնհայտ հարցերում չարժե խեղաթյուրել իրականությունը: Իսկ ինչ վերաբերում է երգչուհու դեմ այս օրերին ծայր առած արշավին, հատկապես այն մարդկանց կողմից, որոնք երբեք իրենց տաքուկ երեւանյան կենսակերպը չեն վտանգել` այցելելով սահմանագոտի եւ համերգներ տալով զինվորների առջեւ, արժե նկատել, որ սխտորաբույր եւ ծամոնասեր այս էյֆորիան կարճ է տեւելու, իսկ Շուշանը, ինչպես նկատել է նույն Աշոտյանը, վստահ ենք, շարունակելու է «մեր սահմանների ամուր լինելու մեջ  ունենալ իր համեստ, բայց կարեւոր լուման»: Ընդ որում, շատ ավելի կարեւոր,  քան նրան իբր սատարող բոլոր երիտհանրապետականները միասին վերցրած:




Լրահոս