Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երեւանի շամպայն-գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետն այս տարի խաղողի մթերումը սկսել է սեպտեմբերի 23-ից: Ինքը՝ գյուղապետ Դամիրչյանը, այնտեղ հանձնել է շուրջ 20 տոննա խաղող: Նա ասաց, որ Դեբեդավանի ընդունման կետում խաղողագործների հետ նախնական պայմանագրեր չեն կնքվել, դա արվում է անմիջապես խաղողի ընդունման ժամանակ: Գյուղապետի տեղեկացմամբ` Դեբեդավանում խաղողն ընդունել են կիլոգրամը 120 դրամով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետի տնօրեն Լիդիա Ներսիսյանն ասաց, որ արդեն ավարտել են խաղողի ընդունումը, մթերել են շուրջ 1220 տոննա խաղող: Ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի՝ հանձնված խաղողի դիմաց գումարների վճարումը կկատարվի մինչեւ 2016թ. հունվարի 31-ը, սակայն ընդունման կետի աշխատակիցը վստահեցրեց, որ իրենք դեկտեմբերի ընթացքում բոլոր գումարները կվճարեն:
Իսկ, ահա, Դեբեդավան գյուղից ընդամենը 25 կիլոմետր հեռավորությամբ Բերդավանի գինու գործարանում հոկտեմբերի 5-ից Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչների կողմից կիլոգրամը 150 դրամով է խաղողն ընդունվում: Հոկտեմբերի 3-ի երեկոյան Ծառուկյանը եղել է Բերդավանում եւ անսալով բերդավանցիների խնդրանքին՝ սահմանամերձ գյուղում խաղողի ընդունման գինը 10 դրամով բարձրացրել է՝ 140-ից դարձնելով 150 դրամ:
Նշենք, որ Տավուշի մարզի մյուս գործարաններում՝ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում եւ Իջեւանի գինու գործարանում, խաղողն ընդունվում է 140 դրամով: Հավելենք, որ Դեբեդավանում ընդունվող խաղողը որակյալ է, քանի որ շամպայն պատրաստում են միայն բարձրորակ խաղողից: Դեբեդավան համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ինչու նա եւ իր համագյուղացիներն իրենց բերքը 150 դրամով չեն հանձնել Բերդավանի գինու գործարան եւ իսկույն ստացել իրենց գումարները: Վ. Դամիրչյանը հայտնեց, որ իր տվյալներով Դեբեդավանի ընդամենը մի բնակիչ է խաղողը Բերդավանում հանձնել:
Նրա խոսքերով՝ Դեբեդավանը ցածրադիր է, այնտեղ խաղողը շուտ է հասունանում, խաղողագործներն էլ միշտ երկյուղելով եղանակի փոփոխություններից՝ գերադասում են այն շուտ քաղել եւ հանձնել: Բացի այդ՝ դեբեդավանցիներն անտեղյակ էին, որ հոկտեմբերի 5-ից Բերդավանի գինու գործարանում խաղող է ընդունվելու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ