Սիրիայում ռուսաստանցի զինվորականների հիմնական խնդիրն այդ երկրում օրինական իշխանության կայունացումն է և քաղաքական փոխզիջման համար պայմանների ստեղծումը: Ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ «Ռոսսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները նա անվանել է մանրակրկիտ նախապատրաստության արդյունք:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում օդում և երկրի վրա, ինքնաբուխ գործողություններ չեն, այլ՝ նախանշված ծրագրերի իրականացում»,- ասել է ՌԴ նախագահը՝ միաժամակ ընդգծելով, որ ցամաքային գործողությունների իրականացումը, ինչի մասին այս շաբաթ հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները, Մոսկվայի ծրագրերում ներառված չէ:
Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ռուսաստանյան ավիացիայի ավիահարվածները, որոնք սեպտեմբերի 30-ից հասցրել են Ռազմատիեզերական զորքերը, Արևմուտքի խիստ արձագանքին արժանացան:
Շատ երկրներ քննադատեցին այս գործողությունները՝ հայտարարելով, թե դրանք իրականացվել են առանց «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի հետ համաձայնեցման: Արևմուտքը գտնում է, որ Ռուսաստանը պայքարում է ոչ այնքան ահաբեկիչների դեմ, որքան աջակցում է Բաշար Ասադի ռեժիմի պահպանմանը: