ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ ԳԵՏՆԱՆՑՈՒՄԻ ԿՐՊԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումում գործող կրպակներն ապամոնտաժվում էին, իսկ գրավաճառները հավաքում էին իրենց գրքերը: 
Կրպակատերերն ու աշխատողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ իրենք շուտով բողոքի ակցիա կկազմակերպեն այս հարցով: Գրավաճառներից մեկը՝ 32-ամյա Հակոբը, վրդովված նկատեց, որ տարածքը լքելու պահանջի մասին իրենց ասել են ընդամենը երեք օր առաջ: «Եկան ասին, որ 11-ին մաքուր լինի: Երեւանի քաղաքապետարանից չէին, բայց չեմ իմանում, թե ովքեր էին: Հետո ասացին, որ երկու տարի համբերենք, կվերանորոգեն ու մեզ նորից հետ կկանչեն: Բայց ո՞վ է հավատում: Ի՞նչ իմանանք՝ ինչ պայմաններ են այդ ժամանակ առաջարկելու: Եթե գործ չգտնեմ, ընտանիքիս հետ գնալու եմ խոպան»,-զայրացած պատասխանեց նա: 
Այս հարցով դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանին, սակայն նա ասաց. «Տեղյակ չեմ խնդրից»: Ու մինչ կպատասխանեն, գրավաճառներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ տարածքը պատկանում է «Գրեյթ Վիկտորյա» ՓԲԸ-ին: Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ընկերության հետ: 
Տեղեկացնենք, որ այս հարցով այսօր հասարակական լսումներ են սպասվում, եւ «Ժողովուրդ»-ը կմանրամասնի, թե ինչ է կատարվում գետնանցումում:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս