«ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԼԵԶՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերից «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Սահմանին» նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որի նկարահանմանն աջակցում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ֆիլմում խաղում են Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Իննա Խոջամիրյանը եւ այլք: Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է: Ռ. Մուշեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նկարահանումների ընթացքում հանդիպող խոչընդոտներին, պատմել, թե ինչպես են դերասաններից ոմանք սերտում ադրբեջաներենը:

-Ռոմա՛ն, «Շանթ» հեռուստաընկերությունը նախկինում էլի է բանակի մասին սերիալ նկարահանել: Այս նոր ֆիլմն ինչո՞վ է տարբերվելու, այստեղ շեշտն ինչի՞ վրա եք դրել:
-Տարբերությունն այն է, որ «Բանակում»-ը հումորային սերիալ էր, իսկ «Սահմանին»-ը դրամատիկ ֆիլմ է, որն արտացոլում է սահմանին գտնվող զինվորական անձնակազմի լարված պայքարը դիվերսիոն խմբերի դեմ, գեղարվեստական մոտիվներով նկարագրում է դիրքերում ծառայելու դժվարությունները, այդ պատասխանատու գործի էությունը: Սա հոգու պարտքի պես մի բան է, քանի որ թեման ինքնին պարտադրող եւ պատասխանատու է, այդ ամենն ինձ անմիջապես գրավեց, եւ ես մոտեցա նյութին:
-Վերջին ժամանակահատվածում սահմանային լարված իրավիճակը որքանո՞վ նպաստեց, որ նման ֆիլմ ստեղծելու գաղափար հղանա:
-Գաղափարը եղել է հեռուստաընկերության տնօրենինը, իհարկե, թեման շատ արդիական է, ինձ թվում է` այսօր նման ֆիլմերի կարիք իսկապես կա…
-Քանի որ ֆիլմի ստեղծման ընթացքում ստիպված եք բախվել ռազմական կյանքին առնչվող նեղ մասնագիտական հարցերի, ունե՞ք համապատասխան խորհրդատուներ, պրոֆեսիոնալների հետ աշխատո՞ւմ եք:
-Այո, պաշտպանության նախարարության կողմից հատուկ խորհրդատուներ են նշանակված, ովքեր ուղղորդում են մեր աշխատանքը: Նրանք օգնում են, օրինակ, դիվերսիոն օպերացիաները ներկայացնելու տեսարաններում, սովորեցնում են դերասաններին, թե ինչպես է հարկավոր ճիշտ բռնել զենքը: Բոլոր մանրամասները քննարկվում են նախ՝ սցենարային էտապում, ապա` տաղավարում:
-Ասում են` հարկավոր է իմանալ թշնամու լեզուն, իհարկե, փոխաբերական իմաստով հակառակորդի «լեզուն» ինչպե՞ս եք ներկայացնում ֆիլմում:
-Մենք գիտենք հակառակորդի «լեզուն», թշնամու կողմն ու գործունեությունն էլ ենք ներկայացնում, այդ ամբողջ տեսարանները հենց ադրբեջաներենով են նկարահանվում: Ունենք հատուկ մասնագետներ, որոնք ադրբեջաներեն են թարգմանում տեքստերը, դերասանները պարապում են, որ ամեն բան ռեալ լինի: Ֆիլմում ներկայացվելու են ադրբեջանական դիվերսիոն խմբեր, լինելու են ադրբեջանցի գեներալի, գնդապետի, զինվորի դերակատարներ:
-Ֆիլմում կա՞ն իրական դեպքերի վրա հիմնված պատմություններ:
-Այո՛, կան պատմություններ, որոնք սցենարիստը զետեղել է սյուժեում, դրանք առնչվում են հիմնականում դիվերսիոն օպերացիաների դեպքերին: Իհարկե, սա վավերագրություն չէ. ամեն բան ներկայացված է գեղարվեստական մոտիվներով:
-Բացի մասնագիտական դժվարություններից` ֆիլմի նկարահանումների ժամանակ ի՞նչ խոչընդոտների եք բախվում:
-«Սահմանին»-ը նկարահանվում է նաեւ մարզերում, շատ է պատահում, որ բախվում ենք եղանակային ոչ բարենպաստ պայմանների, ստիպված ենք լինում պայքարել քամու, անձրեւի, ցրտի դեմ: Բայց այդ ամենը հաղթահարելի է… Շուտով դժվարությունների արդյունքը հեռուստադիտողն ինքը կտեսնի…

 

 

 
ՎԱՌ ԴԵՄՔԵՐ` ՆԱԵՎ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոկտեմբերի 22-ին հայաստանյան մեծ էկրաններին կբարձրանա պրոդյուսեր Հայկ Մարությանի` Կարգին Հայկոյի նոր, ռոմանտիկ կատակերգությունը, որի գլխավոր դերակատարը հենց ինքն է:

«Սիրո գործակից»-ի վրա ստեղծագործական թիմն աշխատել է մեկ տարի: Ֆիլմի վրա ծախսվել է 350 հազար դոլարին համարժեք դրամ: Դա Հայկ Մարությանի պրոդյուսերությամբ ստեղծված նախորդ` «Սուպեր մամա» կատակերգության բյուջեից կրկնակի ավել է: Բեմադրող-ռեժիսորներն են Արման Մարությանը եւ Վահագն Խաչատրյանը: Հայկ Մարությանից բացի` նկարահանվել են Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, «Սուպեր մամա»-ի դերակատարներից Անի Խաչիկյանը, Գարիկ Պապոյանը եւ այլք:
Արմինե Պողոսյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր համար դժվար է եղել մարմնավորել ֆիլմում ներկայացրած կերպարը: «Կարծում եմ` նրա նման մեկը` իր արտաքինով եւ բնավորությամբ, իրական կյանքում պարզապես գոյություն չունի (ծիծաղում է), գրիմի միջոցով ինձ տգեղացրել են, քանի որ այդ հիմար եւ մանկամիտ աղջիկը չէր կարող գեղեցիկ լինել: Նրան փորձել են նմանեցնել հորս` Ռուդոլֆ Ղեւոնդյանի մարմնավորած կերպարին: Սկզբնական շրջանում մտավախություն ունեի, որ կարող է՝ չկատարեմ իմ առջեւ դրված հանձնարարականը, բայց կարծես թե, ի վերջո, այն ստացվել է»,-ասաց դերասանուհին` հավելելով, որ այս նոր ֆիլմում էլ, ինչպես «Սուպեր մամա»-ում, իր կերպարը բավական ագրեսիվ է:
Ա.Պողոսյանը նաեւ պատմեց, որ ֆիլմի նկարահանումներն անցել են հետաքրքիր մթնոլորտում. «Նկարահանվելու ժամանակահատվածն ինձ համար տոն էր, կարծում եմ` ֆիլմը ստացված է»:
Դերասան Ռաֆայել Երանոսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ ինքն ու Արմուշը ֆիլմում մարմնավորել են դիզայներների: Մեր այն դիտարկմանը, որ Ռաֆայելի կերպարը նմանվել է «Եվրատեսիլ»-ից հայտնի տրանսվեստիտ երգիչ Կոնչիտա Վուրստին, դերասանը պատասխանեց, որ իրենք էլ են դա զգացել, սակայն նման միտում չեն ունեցել, իսկ կերպարն էլ Կոնչիտայի հետ ընդհանրապես կապ չունի:
«Ինձ միշտ տեսել են ռաբիսի, քյարթուի դերերում, բայց սա արդեն նոր կերպար է, չէի ասի, թե նա կանացի պահվածք ունի, պարզապես շատ խնամված է: Իմ եւ Արմուշի կերպարները, ըստ սյուժեի, կազմակերպում են ֆիլմի գլխավոր հերոսի եւ հարուստի աղջկա հարսանիքը: Այդ դիզայներները ներկայացնում են այսօրվա իրականության վառ դեմքերի, երբ ֆիլմը տեսնեք, կհասկանաք` ում մասին է խոսքը»,-մեկնաբանեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
Օ՛ԲՐԱՅԵՆԻՆ ՉԻ ՀԱՆԴԻՊԻ
Ամերիկյան հանրահայտ կատակերգու եւ հեռուստաաստղ Քոնան Օ’Բրայենը ցանկանում է հանդիպել Ջիվան Գասպարյանի հետ։ Այս մասին News.am style-ի հետ զրույցում ասել է անձամբ դուդակահարը՝ նշելով, որ հանդիպումը նախատեսված է այսօր, սակայն նա չի կարող գնալ։
«Երեկ ինձ զանգահարեցին եւ ասացին, որ նա ուզում է հանդիպել ինձ հետ, սակայն ես վատառողջ եմ, ի վիճակի չեմ որեւէ տեղ գնալ։ Տաքություն ունեմ եւ պառկած եմ»,-ասել է Ջիվան Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Քոնան Օ’Բրայենն օրերս ժամանել է Երեւան՝ իր շոուի համար նկարահանումներ իրականացնելու նպատակով: Նա հասցրել է լինել Գառնիում, պարել Հանրապետության հրապարակում:

 

ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ
Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացման համար System Of A Down ռոք խմբի անդամները կարժանանան Փարաջանով-Վարդանով ինստիտուտի ամենամյա մրցանակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը՝ վկայակոչելով ամերիկյան contactmusic.com կայքը, խմբի անդամները կպարգեւատրվեն «Արթնացրեք հոգիները» համերգաշարի համար, որի նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության փաստի վրա: Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 21-ին, Լոս Անջելեսում:
Նշենք, որ 2014 թվականին Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին է արժանացել օսկարակիր ռեժիսոր Մարտին Սքորսեզեն՝ Փարաջանովի «Նռան գույնը» գլուխգործոցի վերականգնման աշխատանքում ունեցած իր ներդրման համար: Ինստիտուտը հիմնվել է 2010 թվականին, Հոլիվուդում՝ վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:

 

ԿՈՄԱՅԻ ՄԵՋ Է
35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը` Քլոե Քարդաշյանի ամուսինը, կոմայի մեջ է: TMZ-ի փոխանցմամբ` Քարդաշյանը մեկնել է Լաս Վեգաս, նա ամուսնու կողքին է: Լամարին գտել են Նեվադայի մի ռանչոյում գործող անառականոցում: Նա այնտեղ մեկնել էր շաբաթ օրը: Բասկետբոլիստին ուղղաթիռով տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց, որտեղ արհեստական շնչառության սարք են միացրել:
Հիշեցնենք, որ Լամար Օդոմի եւ Քլոե Քարդաշյանի ամուսնալուծության գործն արդեն ընթացքի մեջ է, սակայն փաստաթղթերով զույգը դեռ չի բաժանվել:




Լրահոս