Սպորտի նախարարը չի հավատում, որ Ռուբեն Հայրապետյանը կարող էր վաճառել Հայաստան-Ալբանիա խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստից հետո լրագրողները սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեցին Հայաստան-Ալբանիա խաղի վերաբերյալ առաջացած սկանդալից:

Ղազարյանը նշեց` չի հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդունակ է ֆուտբոլային խաղ վաճառել:  «Չեմ կարծում, որ նման քայլի կգնար, ինչի՞ պիտի գնար»,- նշեց նախարարը:

Լրագրողների հարցին` չե՞ք պատրաստվում հետաքննություն իրականացնել, նախարարը հայտնեց, որ իր կարծիքով` ինչ-որ պետք է արվում է:  Սպորտի նախարարը նաև նշեց, որ տեղյակ չէ` ինչ է կատարվում ՀՖՖ-ում: Երբ նրա այս խոստովանության վերաբերյալ լրագրողներն իրենց զարմանքը հայտնեցին, նախարարը շտապեց սրբագրել իր խոսքերը:

«Ես տեղյակ եմ, թե յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է կատարվում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է բոլոր ֆեդերացիաների հետ, որոնք հասարակական կազմակերպություն են: Յուրաքանչյուր հարցի հետ աշխատում ենք միասին, աջակցում ենք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստների գումարներ են տրվել` հանդիպումը պարտվելու համար: Ֆուտբոլի Ֆեդերացիան, սակայն, պաշտոնապես ոչ մի մեկնաբանություն չի ներկայացրել:




Լրահոս