Ադրբեջանը շարունակում է մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները և պարբերաբար խախտում է հրադադարի պայմանագիրը, ինչը հանգեցնում է զոհերի` նաև խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին ՄԳԻՄՕի երրորդ միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բոլորովին վերջերս Ադրբեջանը կոպտորեն խախտում էր հրադադարը հայադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում՝ օգտագործելով ծանր զինատեսակներ: Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերը և ստանձնած պարտավորությունները հակամարտության կարգավորմանը հասնելու ճանապարհին», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց երկրի ղեկավարը:
ՀՀ Նախագահը նշեց, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քայլերն արդարացնելու համար պարբերաբար հղում է կատարում հակամարտության կարգավորման ՄԱԿի անվտանգության 4 բանաձևերին, սակայն առաջինն ինքն է խախտում այդ բանաձևերը: «Այդ 4 բանաձևերից ամենակարևորը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է, Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորումն է, իսկ Ադրբեջանը ցույց է տվել, որ ընդունակ չէ դրան: Հետևաբար, հենց Ադրբեջանն է խախտում այդ բանաձևերը», ընդգծեց նախագահը: Եզրափակելով ելույթը՝ ՀՀ նախագահը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում: