Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 21-ին ծեծի է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Դեպքով բերման է ենթարկվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղի 34-ամյա բնակիչ Բակուր Փայտյանը, ում ծեծի ենթարկվածը չի ճանաչում:
Սամսոն Ղազարյանը տաքսու վարորդ է: Լրատվամիջոցների հետ զրույցում թվարկելով հնարավոր վարկածները՝ նա հավանական է համարել, որ դեպքը կարող է կապված լինել տաքսու մեքենաների կայանման հետ: Նշված վարկածի շուրջ ArmLur.am-ի հետ զրույցում Ս. Ղազարյանը հայտնեց, որ այն փողոցում, որտեղ դեպքը տեղի է ունեցել, որևէ այլ տաքսի մեքենա չի կանգնում. այդ օրն էլ միայն ինքն է կանգնած եղել. «Իմ գլխում մի քանի վարկածներ կան: Օրինակ, չի բացառվում, որ դա կապված լինի տաքսու մեքենաների կայանման հետ, քանի որ նման բաներ լինում են քաղաքում: Եվ դա բոլորը գիտեն: Կան տեղեր, որտեղ այլ մարդ չի գալիս կանգնում: Այդ տղան երբ ինձ մոտեցավ, ուրիշ բան էր հարցնում: Դա պատրվակ էր իր համար: Իսկ այդտեղ պատահաբար եմ կայանել: Եվ ընդհանրապես, հիմնական կանգնելու տեղ չունեմ»:
Ինչ վերաբերում է ծեծի դեպքով հարցաքննված տղամարդուն, ապա մեր զրուցակիցը հայտնեց, որ երեկ լրատվամիջոցներից է տեղեկացվել, սակայն այդ Բակուր Փայտյանի անունն իրեն անծանոթ է, ոչինչ չի ասում. «Նրա և իմ մեջ բացարձակապես կապ չկա: Նույնիսկ եթե թշնամիներ ունենամ էլ, իմ ուղեղը նրանց ուղղությամբ չի աշխատում: Բացառում եմ միանշանակ, որ պատվեր կլինի իշխանությունների կողմից, քանի որ նրանք գիտեն, որ նման մեթոդներով ինձ հնարավոր չէ շեղել: Ինչ մտածում եմ, պիտի հրապարակեմ: Ոչ մեկին չեմ նեղացրել, նույնիսկ դա էլ չկա. բոլոր ուղևորներն էլ շատ գոհ իջնում են իմ մեքենայից»:
Սամսոն Ղազարյանի փոխանցմամբ՝ ինքն անձամբ չի հետաքրքրվել՝ ով է հարցաքննվածը, նրա մասին այլ մանրամասներ լրատվամիջոցներում առկա հրապարակումներից բացի, չգիտի: Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնից իրեն հայտնել են, որ մի քանի օրից իր հետ քննչական գործողություններ կկատարվեն: Հնարավոր է՝ նաև առերեսում տեղի ունենա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Բակուր Փայտյանը Նորաշեն գյուղից է, որոշ ժամանակ է՝ Երևանում է բնակվում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Վերջինիս նկատմամբ բռնություն են գործադրել սեփական ավտոմեքենայի մեջ: Ս. Ղազարյանը սովորաբար Երևանում իր սեփական մեքենայով իրականցնում է տաքսի սպասարկում: Այդ օրը նա Երևանի Արաբկիր համայնքում իր մեքենայի մեջ նախաճաշելիս է եղել, երբ հարանությամբ կանգնել է սև «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա: Մեքենայից իջած տղամարդը նախ մոտեցել և հարցուփորձ է արել Ս. Ղազարյանին, այնուհետև սկսել է քաշքշել և բռունցքով հարվածներ հասցնել դեմքին ու գլխին՝ սպառնալով՝ «վիզդ կկտրեմ»: «Ղարաբաղ» կոմիտեի անդամն ասել է, որ անմիջապես զանգահարել է ոստիկանություն, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չի եղել: