«ԹԱՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ երկարատեւ դադարից հետո ընդունեց սերիալում նկարահանվելու առաջարկն ու ներկայացավ հեռուստադիտողին «Խաղից դուրս» սերիալում: Ո՞րն էր լռության պատճառն ու ինչո՞ւ որոշեց նկարահանվել. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց դերասանի հետ: 
-Մոտ մեկ տարի չնկարահանվեցի, առաջարկներ կային, բայց չէի ուզում: Իսկ այս 25-մասանոց սերիալի առաջարկն ընդունեցի, քանի որ նմանատիպ ձեւաչափ եմ սիրում, այսպես կոչված՝ մինի-սերիալ, երբ սկիզբն ու ավարտը հայտնի են: Չեմ սիրում, երբ սերիալը տարիներ է տեւում: Հակիրճ նախագծերում նաեւ սցենարն է ավելի հետաքրքիր ջուրծեծոցին ավելի քիչ է, սցենարիստը ստիպված չի լինում ձգձգել:
Այս դեպքում առավելությունն այն էր, որ գլխավոր դերակատարներս նախապես ծանոթացանք մեր կերպարների ու սցենարի հետ, իսկ երկարատեւ սերիալների դեպքում շատ անգամ ընթացքը փոխվում է:
-Համաձայնել եք նկարահանվել, որովհետեւ կերպա՞րն է դուր եկել, թե՞ հոնորարն էր մեծ:
-Տարօրինակ միտում եմ նկատել. կարծես ուզում են դերասանների հոնորարը պակասեցնել, երեւի շատ համարեցին: Մենք եկանք ընդհանուր հայտարարի, սակայն առաջին հերթին ինձ սցենարը հետաքրքրեց: Կերպարս մեծ հեղինակություն է, որը կարեւոր ու շատ լուրջ հարցեր է լուծում, մյուս կերպարները հաշվի են նստում նրա հետ:
Ճիշտ է, այսօր սերիալները շատ են քննադատում, բայց դերասանների մի մասը սկսեց փող աշխատել, որովհետեւ գաղտնիք չէ` թատրոնի աշխատավարձով հնարավոր չէ ապրել: Իսկ սերիալը հնարավորություն է տալիս, որ դերասանն իրեն նորմալ զգա:
-Դուք հիմա ո՞ր թատրոնում եք աշխատում:
-Ես հիմա ավելի շատ անտերպրիզային ներկայացումների մեջ եմ զբաղված` Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից», նաեւ Կամերային թատրոնում եմ զբաղված: Թատրոնը մի ուրիշ աշխարհ է դերասանի համար: Որպես դերասան՝ նախեւառաջ դու դրսեւորվում ես բեմում: Բեմում սուտ ասել հնարավոր չէ. դու ափի մեջ ես, ու երեւում է` շնորհքով ես, թե ապաշնորհ: Կինոն ուրիշ է, այն արտադրություն է, մի քանի դուբլ կարող են նկարել ու նույնիսկ անտաղանդին մատուցել որպես դերասան: Բեմն այդ հնարավորությունը չի տալիս, այնտեղ դու դրսեւորվում ես որպես արվեստագետ, դերասան: Պարզապես հիմա թացը չորի հետ այնքան է խառնվել. նույն ֆիլմում, բեմում մի երկու փոքր բան կարող են անել իրենց կյանքում, բայց քիթները բարձր ման գան` կարծես մեծ բան են իրենցից ներկայացնում:
-Կան որոշ դերասաններ, որ պայման են դնում` իրենց հետ նույն հրապարակում սկսնակ, անփորձ «դերասանների» չներգրավել:
-Այլ հարց է` ինչ-որ միջանցիկ դերի համար մեկին բերեն, բայց երբ առանցքային դեր է լինում, հոգիներս դուրս է գալիս: Իմ պարագայում եղել է դեպք, երբ նկարվել եմ մեկի հետ, որը չէր կարողանում երկու բառ իրար կապել: Դա դժվարացնում է ոչ միայն անձնակազմի աշխատանքը, այլեւ նյարդայնացնում է քեզ` որպես դերասանի: Ժողովրդին հիմա երգացավ, դերասանացավ է կպել. մի մասն ուզում է երգել, մյուս մասը` դերասան դառնալ: Էլ չեն մտածում, որ դերասան դառնալը լուրջ մասնագիտություն է, ինչը հիմա շատ հասանելի դարձավ, ու դա լավ չէ: Բոլորին թվում է, թե կարելի է հայտնվել էկրանին, բեմում ու դառնալ դերասան: Մի տեսակ վիրավորական բան կա այդ ամենի մեջ: 
-Այսօրվա արվեստագետն ամենից շատ ի՞նչ ցավալի հիմնախնդիր ունի:
-Առաջին հերթին դա ոչ պրոֆեսիոնալների ներգրավումն է: Մինչդեռ անպայման պետք է տեղ տրվի նրանց, ովքեր իրենց գործի գիտակն են: Շատ կուզեի, որ թատրոնների աշխատողների աշխատավարձն էլ բարձրանար, բայց երեւի մեր երկրի վիճակը հնարավորություն չի տալիս, որ կտրուկ քայլերի գնանք: Լավ կլիներ, որ դերասանների հնարավորություններն ավելի շատ լինեին, իրենց լավ զգային, թեկուզ ամռանը գնային մի տեղ հանգստանալու:
-Ոչ միայն դերասանները, այլեւ շատ այլ մասնագետներ այսօր չունեն ամռանը հանգստի գնալու հնարավորություն: Հանգստի մեկնելն այսօր շռայլություն է համարվում:
-Ես, օրինակ, ծախսող եմ, ինչ գումար եկավ ձեռքս, պետք է ծախսեմ: Բայց կինս կարողանում է մեր հանգստի մեկնելու հարցերը կարգավորել, այդ իսկ պատճառով հնարավորություն ենք ունենում ամռանը գոնե մի երկու շաբաթով գնալ հանգստի: Ես էլ, կինս էլ ծով շատ ենք սիրում:
շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս