«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հակամարտությունը հասավ ԱԱԾ:
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր լուր, ըստ որի՝ ՀՔԾ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել էին, քանի որ նա անցնում է ՀՔԾ-ում կաշառքի գործով: Հայտնի էր դարձել, որ Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մտերիմներից է, եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված: Հարուցված գործի հիմքում կալանավորի ապօրինի ձայնագրված հեռախոսային խոսակցություն է, որտեղ կալանավորը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային, 30 հազար դրամանոց համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը եւ տարել տուն:
Գեւորգ Կոստանյանն էլ այս հրապարակումից ՀՔԾ-ում կարճված գործը վերացնել տվեց եւ պատրաստվում է ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այնտեղ օբյեկտիվ քննեն դեպքը:
Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատախազը նաեւ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված տեղեկության արտահոսքի հետքերով է գնում, եւ ԱԱԾ-ում նախաքննության գաղտնիքի հրապարակման գործով ՀՔԾ քննիչի, գործը հսկող դատախազի հարցն է դրված: Ասել է թե՝ ԱԱԾ-ն պետք է պարզի՝ նրանցից ով է եղել տեղեկության արտահոսքի պատճառը: Այս պատմության մեջ թերեւս ամենաաղմկալի փաստն այն է, որ այս գործը հսկող դատախազը հոկտեմբերի 23-ին աշխատանքից ազատված դատախազության ավագ դատախազ Կարեն Բատիկյանն է: Կարծես թե կամաց-կամաց հայտնի է դառնում Կարեն Բատիկյանի աշխատանքից ազատման հնարավոր վարկածներից մեկը եւս»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: