ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ԾԱՌԱՅԱԿՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հրազդան քաղաքի բնակիչ, 1992 թվականին ծնված, ժամկետային զինծառայող, զորամասի հրաձգային գումարտակի հրաձիգ, շարքային Իգնատ Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, որպես դիտորդ նշանակված լինելով «Հակոբասար» մարտական հենակետի կրակակետում, 2012թ. փետրվարի 23-ին իր հաստիքային «ԱԿՄ» ինքնաձիգով կրակել է համածառայող Ա. Ադիբեկյանի վրա: Այդ քայլին նա դիմել է համածառայողի կողմից իր նկատմամբ դրսեւորված նվաստացնող վերաբերմունքի համար վրեժխնդիր լինելու նպատակով: Իգնատ Ենգիբարյանը լիցքավորել է ինքնաձիգը, դրա ապահովիչը դրել մենահատ կրակի ռեժիմում, աննկատ մոտեցել կրակակետին եւ մոտ 4 մետր հեռավորությունից, առանց նշան բռնելու, մեկ փամփուշտ կրակել իր նկատմամբ թիկունքով կանգնած Ա. Ադիբեկյանի գլխի շրջանում: Վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է: 
Ի. Ենգիբարյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որով նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավարությունը սկսվել է 2012թ. դեկտեմբերի 13-ին եւ ներկայում շարունակվում է: 
Ի դեպ, նույն դատարանում շարունակվում է նաեւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված, ժամկետային զինծառայող Վահե Սիմոնյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2012թ. փետրվարի 23-ին «Հակոբասար» մարտական հենակետում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ քնից արթնացնելու կապակցությամբ հայհոյել ու բռնություն է գործադրել, ոտքով հարվածել նույն հենակետում ծառայության նշանակված ժամկետային զինծառայող Իգնատ Ենգիբարյանին:  Վ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում): Այդ հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահել՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը  2 տարի ժամկետով: 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս