ԿՈՎԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության սահմանը հատել եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածքում է հայտնվել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի բնակիչ Դուրմիշ Քառյանը, իսկ մարտի 17-ին՝ նույն մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Առաքելյանը: Նաեւ հավելել են, որ ՀՀ երկու քաղաքացիները հայտնվել են ադրբեջանական դիրքերի առաջ եւ գերեվարվել ադրբեջանցի զինծառայողների կողմից:
Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Դուրմիշ (իսկական անունը՝ Մնացական) Քառյանը 87 տարեկան է, հոգեկան շեղումներ ունի: Դովեղցիները որոնում էին նրան, ու մինչեւ հիմա նրանց պաշտոնապես ոչ ոք չի հայտնել, որ համագյուղացին գտնվում է Ադրբեջանում: Գյուղապետին հարցրինք, թե ճիշտ են այն լուրերը, որ Դ. Քառյանը որոնում էր իր կորած կովին եւ այն փնտրելով է հայտնվել Ադրբեջանի տարածքում: Նա պատասխանեց, որ Դուրմիշը Դովեղում  բնակվում է  իր աղջկա հետ, նրանք երկու կով ունեն, ձմռան համար խոտ չեն կուտակում, նրանց անասունները մշտապես արածում են դաշտում: Կովերից մեկը կորել է, գյուղի մերձակա տարածքում անասունի որոնումներն արդյունք չեն տվել: Իսկ ծերունու հարեւանները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Դուրմիշի երկու կովերից մեկը ծնել է, մյուսը՝ անհետացել: Կորած անասունը մինչ այսօր չի գտնվել: Հենց այդ անասունի պատճառով էլ 87-ամյա ծերունին հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանն էլ մեզ ասաց, որ Անահիտ Առաքելյանը Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայան ավանի բնակիչ է: Ադրբեջանին սահմանակից Կայանի բնակիչներն էլ մեզ հայտնեցին, որ 1965թ. ծնված Ա. Առաքելյանը քրոջ եւ քրոջ որդու հետ էր ապրում, երկար ժամանակ անկողնային հիվանդ էր, մոտ 10 օր առաջ անկողնուց վեր էր կացել, սակայն հոգեկան վատ վիճակում էր. շատ էր նյարդայնանում: Գնացել էր բանջար հավաքելու, չէր վերադարձել, եւ մարտի 17-ի ժամը 15-ից Կայանի բնակիչները որոնում էին նրան:
Մնում է միայն տարակուսել, թե ինչպես հայ սահմանապահները չեն նկատել ՀՀ քաղաքացիների անցումն Ադրբեջան: Եվ լավ է, որ հոգեկան շեղումներով երկու քաղաքացիները չեն բախվել սահմանագոտում տեղադրված բազում ականներին:
Հ.Գ. Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, տեղեկացանք, որ Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել Անահիտ Առաքելյանին եւ Դուրմիշ (Մնացական) Քառյանին: Արտահանձնումը կայացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների ներկայացուցիչների միջնորդությամբ: Ուրախալի է, որ այս անգամ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս